Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Օբամա - Էրդողան հանդիպման մանրամասների մասին


Հինգշաբթի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետեւողական աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների` առանց նախապայմանների եւ շուտափույթ կարգավորման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը Հիլարի Քլինթոնին խնդրել է իր երախտագիտությունը հայտնել նախագահ Օբամային` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցաբերվող հաստատուն աջակցության համար: Նա մեկ անգամ եւս վերահաստատել է գործընթացի հետ կապված հայկական կողմի պատրաստակամությունը` հարգելու իր միջազգային պարտավորությունները եւ առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հույս հայտնելով, որ նույնպիսի պատրաստակամություն եւ պատասխանատվություն կդրսեւորի նաեւ թուրքական կողմը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկ անգամ եւս վերահաստատել է իր երկրի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը` միաժամանակ շեշտելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն ու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես միմյանցից անջատ գործընթացներ, որոնցից առանձին վերցրած յուրաքանչյուրի ուղղությամբ առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG