Մատչելիության հղումներ

Արշակ Բանուչյանի նկատմամբ համաներում կիրառվեց


Արշակ Բանուչյան
Արշակ Բանուչյան
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը Մատենադարանի նախկին փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանին մեղավոր ճանաչեց խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ եւ վերջնական պատժաչափ սահմանեց երեք տարվա ազատազրկումը: Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման համաձայն` Բանուչյանը ազատվեց պատիժը կրելուց:

Դատարանը նաեւ վճռեց Արշակ Բանուչյանից հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադամի բռնագանձել շուրջ 2 միլիոն 335 հազար դրամ (6 հազար դոլար):

Բանուչյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Ըստ մեղադրանքի` լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Արշակ Բանուչյանը վատնել է այդ հիմնադրամին տրամադրված գումարը, ինչպես նաեւ չի հրատարակել Մատենադարանի հիմնադրման 1600-ամյա հոբելյանին նվիրված բացառիկ հանդեսը: Արշակ Բանուչյանը մեղադրվում է նաեւ իր սեփականությունը հանդիսացող «Մագաղաթ» հրատարակչության ՍՊԸ-ի միջոցով առանց հաշվապահական փաստաթղթերի ձեռք բերված 5 հազար բուկլետը եւ 71 հազար բացիկը իր աշխատակիցներին վաճառել հանձնարարելու մեջ:

Բանուչյանի դեմ հարուցված քրեական առաջին գործը չէ՝ նախորդը հարուցվել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Բանուչյանը կալանավորվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներով: 4 ամիս կալանքից հետո ապացույցների բացակայության պատճառով այդ քրեական գործը կարճվեց, որից հետո առաջադրվեցին վերը նշված գործով մեղադրանքները:

Մատեդանարանի նախկին փոխտնօրենը քաղաքական հետապնդում է համարում իր նկատմամբ հարուցված երկու գործն էլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG