Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց 2010 թվականի պետբյուջեն


Ազգային ժողովը հինգշաբթի հաստատեց 2010 թվականի պետբյուջեն, որը կառավարության ներկայացրած նախնական տարբերակի համեմատ շոշափելի փոփոխություններ է կրել. աճել են բյուջեի ե՛ւ ծախսային, ե՛ւ եկամտային մասերը։

Արդեն հաստատված բյուջեի ծախսային մասը աճել է 75 միլիարդ դրամով՝ կազմելով 935.5 միլիարդ, եւ ավելի քան 20 միլիարդ դրամով գերազանցելով 2009 թվականի փաստացի բյուջեն։

Միաժամանակ, 65.5 միլիարդ դրամով աճել է նաեւ բյուջեի պլանավորված եկամտային մասը՝ կազմելով 742 միլիարդ դրամ, ընդ որում, բյուջեի դեֆիցիտը, աճելով եւս 10.4 միլիարդ դրամով, հասել է 193.4 միլիարդ դրամի, ինչը կկազմի երկրի համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը։

Եկամտային մասում փոփոխությունները, պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակը խորհրդարանին ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի փոխանցմամբ, կատարվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրով վերջնականապես համաձայնեցված գումարի եւ հարկային եկամուտները 37 միլիարդով ավելացնելու հաշվին։ Ընդ որում, 2010 թվականին կառավարությունը կանխատեսում է համախառն ներքին արդյունքի 1.3 տոկոսի աճ։

Բյուջետային ծախսերի ավելացումները, սակայն, չեն անդրադառնա թոշակների եւ բյուջետային միջոցներից վճարվող աշխատավարձերի վրա։

Պաշտպանության բնագավառի ծախսերը կավելանան՝ հասնելով 131 միլիարդ դրամի (շուրջ 350 միլիոն դոլար), ինչը, սակայն, ավելի քան 18 միլիարդ դրամով պակաս է 2009 թվականին այս ոլորտի համար նախատեսված գումարից, եւ 4.2 անգամ զիջում է Ադրբեջանի ռազմական ծախսերը, որոնք հայտարարվել են 1.5 միլիարդ դոլարի չափով։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG