Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Արձանագրությունները Ղարաբաղի խնդրին շաղկապելու փորձերը ձախողված են»


Հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերը «դատապարտված են ձախողման»: Այսօր այդ մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաեւ արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։

«Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից այն փորձերը, որ արվում են։ Գիտեք, այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Թուրքիայի նպատակն է հայ - թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման», - Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնելով, որ հայկական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել արձանագրությունների վավերացման ուղղությամբ, եւ որ հունվարի 12-ին սպասվում է Սահմանադրական դատարանը որոշումը հայ - թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ արձանագրությունների վավերացման ձգձգումը կարող է խոչընդոտներ հարուցել. - «Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման պրոցեսը, այնքան ավելանում են խոչընդոտները։ Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել»։

«Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարելու իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց հիշում եք՝ ես նաեւ հայտարարել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից», - հայտարարեց Հայաստանի նախագահը՝ զգուշացնելով. - «Ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք նախապատրաստեն լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որը առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG