Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կրկին կապում է արձանագրությունների վավերացումը Ղարաբաղի հետ


«Եթե Ղարաբաղի խնդրում մենք դրական զարգացման ականատեսը չդառնանք, ապա ես չեմ կարծում, որ թուրքական խորհրդարանում [հայ - թուրքական] արձանագրությունների վավերացման առումով որեւէ արդյունքի հնարավոր լինի հասնել», - չորեքշաբթի երեկոյան ամերիկյան «Բլումբերգ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Քվեարկությունը մեր խորհրդարանում գաղտնի է, բայց չեմ կարծում, որ առանց որեւէ առաջընթացի դրական զարգացումներ լինեն այս հարցում», - նշել է Թուրքիայի վարչապետը:

«Թուրքիան էր, որ նախաձեռնեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչ է մեզ անհրաժեշտ այս գործընթացի հետագա զարգացման համար` հարկավոր է առաջ շարժվել եւ լուծել Ղարաբաղի հարցը», - հայտարարել է Էրդողանը:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Թուրքիայի վարչապետը հերթական անգամ բնութագրել է որպես «օկուպացիա»` նշելով. - «Երբ այս հարցը լուծվի, տարածաշրջանը կվերածվի խաղաղության գոտու: Երբ լուծվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները, կվերանա ատելության մթնոլորտը: Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք պետք է կատարվեն: Այդ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները կգտնեն իրենց լուծումը, ես հավատացած եմ դրանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG