Մատչելիության հղումներ

Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել


Կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանի կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել մի օրինագիծ` ըստ որի ստեղծվելու է էլեկտրոնային միասնական ռեգիստր, որտեղ հանրապետության 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց անհատական հայտարարագրերը։ Ռեգիստրը բաց է լինելու յուրաքանչյուրի համար, իսկ այդ պաշտոնյաների գործունեությանը հետեւելու է հատուկ հանձնաժողովը` բաղկացած, ինչպես վարչապետն ասաց՝ «հանրապետությունում հեղինակություն վայելող անձանցից»:

«Օրենքի խստագույն պահանջը լինելու է այն, որ վերջապես իրացնենք սահմանադրական այն նորմը, որ պատգամավորները, նախարարները իրավունք չունեն զբաղվել բիզնեսով», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրվան նվիրված համաժողովում:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը կարծում է, որ՝ «մեկ այլ հանրային խորհուրդ ստեղծելու անհարժեշտություն չկա»:

«Կոռուպցիայի դեմ պայքարը մի երկրում, որտեղ այն համատարած է, հանրության ներկայացուցիչների կողմից չի կարող ոչ հաղթահարվել, ոչ էլ պրոֆեսիոնալ ձեւով վերահսկվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Նոյեմբերի 17-ին հրապարակված Transparency International-ի զեկույցի համաձայն` Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում։ Ըստ այդ հետազոտության` Հայաստանի քաղաքացիների 62%-ը անարդյունավետ է համարել կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը, չնայած երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնությունների։
XS
SM
MD
LG