Մատչելիության հղումներ

Հայաստանը սպառնում է չեղյալ հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները


Հայաստանի եւ Լատվիայի նախագահների համատեղ ասուլիսը, Երեւան, 10-ը դեկտեմբերի, 2009

Հայաստանի եւ Լատվիայի նախագահների համատեղ ասուլիսը, Երեւան, 10-ը դեկտեմբերի, 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հերթական անգամ նախազգուշացրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերը «դատապարտված են ձախողման»՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաեւ արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։

«Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից այն փորձերը, որ արվում են։ Գիտեք, այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման», - Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ հինգշաբթի կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր խոսքով նախագահ Սարգսյանը, մասնավորապես, արձագանքում էր Միացյալ Նահանգներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքին, թե երբ արձանագրությունները ստորագրվել են, որեւէ նախապայման չի եղել, սակայն խորհրդարանում դրանք անցկացնելու համար ինչ-որ պայման է պետք։ «Այդպիսի բան է, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - պարզաբանել էր Էրդողանը, նաեւ նշելով, թե արձանագրություններում խորհրդարանների կողմից վավերացման հստակ ժամկետներ չեն սահմանվում։

Հիշեցնելով, որ հայկական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել արձանագրությունների վավերացման ուղղությամբ, եւ որ հունվարի 12-ին սպասվում է Սահմանադրական դատարանը որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ արձանագրությունների վավերացման ձգձգումը կարող է խոչընդոտներ հարուցել. - «Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման պրոցեսը, այնքան ավելանում են խոչընդոտները։ Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել»։

«Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարելու իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց հիշում եք՝ ես նաեւ հայտարարել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից», - հայտարարեց նախագահ Սարգսյանը՝ զգուշացնելով. - «Ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք նախապատրաստեն լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որը առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»։
XS
SM
MD
LG