Մատչելիության հղումներ

Կալանավորվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն ու ցմահ դատապարտվածների բաժնի պետը


Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս երկու անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հաղորդելով այս մասին` Հատուկ քննչական ծառայությունը հիշեցնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւս երեք աշխատակցի, ովքեր դեկտեմբերի 1-ից գտնվում են նախնական կալանքի տակ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, փախուստի են դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի զբոսահրապարակի տանիքից: Նրանք մինչ օրս հայտնաբերված չեն:

Դեկտեմբերի սկզբին Արսեն Աֆրիկյանը հրաժարական է տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից, եւ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարուժան Եղիազարյանը:


Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG