Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը: Այն հռչակվել է 1950 թվականին եւ նշանավորում է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը:

Նախօրեին Հայաստանի իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ` խորը մտահոգություն հայտնելով երկրում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:

Դատապարտելով բռնության ցանկացած դրսեւորում` իրավապաշտպանները երկրի իշխանություններից պահանջում են «ներկայացնել 2008 թվականի մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները, շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր»:

«Այսօր ազատազրկման վայրերում մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ կան», - ասված է իրավապաշտպանների հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների օրը «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեն» կնշի բողոքի արտոնված երթով:

«Մեր երկրում այսօր ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները` ազատ լինելու, արտահայտվելու եւ կողմնորոշվելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը: - «Մեր բողոքի կիրառական նշանակությունը մեր երկրի վիճակն է, մարդու իրավունքների ոտնահարված լինելը, 14 քաղբանտարկյալի առկայությունը եւ մնացած բոլորը: Որեւէ տարբերություն չկա. մենք ունեցել ենք 100-ից ավելի քաղբանտարկյալներ, հիմա ունենք 14: Կարող են ասել, որ դա առաջընթաց է, բայց նույնիսկ մեկ մարդու իրավունքների ոտնահարումը արտառոց երեւույթ է, որովհետեւ մենք հռչակել ենք Հայաստանը որպես ազատ, ժողովրդավար երկիր: Ուրեմն, հռչակելը շատ քիչ է` մենք մեր պայքարով պետք է հասնենք դրան»:

«Այսօր յուրաքանչյուր մարդ պարտավոր է պայքարել իր իրավունքների համար, եւ միայն այդ դեպքում կարելի է դրական փոփոխություններ ակնկալել», - ընդգծեց Ռուբինյանը:

Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մտահոգում է նաեւ միջազգային կառույցներին: Եվրամիությունը, մասնավորապես, այդ ուղղությամբ երկխոսություն է սկսել Հայաստանի իշխանությունների հետ, հանդիպումներ են անցկացվել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ:

Որքանո՞վ կխթանի այդ երկխոսությունը Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավումը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի կարծիքով` «սա լրացուցիչ եւս մի խթան է, որպեսզի մեր նման երկրներում մարդու իրավունքների վիճակը բարելավվի»: «Ես օպտիմիստորեն եմ տրամադրված: Սա կարեւոր բան է, որ օգնի մեզ դուրս գալ այս ճգնաժամից», - ասաց Սաքունցը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության հայաստանյան կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը, դրական գնահատելով երեւույթը, այդուամենայնիվ` մեծ ակնկալիքներ չունի. - «Ես այդքան լավատես չեմ եւ ակնկալիք չունեմ, որ արագ ինչ-որ բան կփոխվի, բայց երեւի պետք է որպես դրական դա դիտարկել` ամեն դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG