Մատչելիության հղումներ

Օսլոյում Բարաք Օբամային կհանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակը


Բարաք Օբաման ելույթ է ունենում Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո, 9 հոկտեմբերի, 2009
Բարաք Օբաման ելույթ է ունենում Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո, 9 հոկտեմբերի, 2009

Հինգշաբթի օրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կհանձնվի 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը: Աշխարհի ամենահեղինակավոր այս մրցանակին Օբաման արժանացել է համաշխարհային խնդիրների լուծմանն ուղղված իր դիվանագիտական ջանքերի համար:

Ինքը Օբաման հոկտեմբերի 9-ին Նոբելյան կոմիտեի որոշման հրապարակումից մի քանի ժամ անց խոստովանել էր, որ տեղի ունեցածն իր համար մեծ անակնկալ էր: «Ազնվորեն խոստովանեմ` Նոբելյան կոմիտեի այս որոշումը ես չեմ ընկալում որպես կատարված աշխատանքին տրված գնահատական: Իրականում սա վկայում է այն ակնկալիքների մասին, որ համաշխարհային հանրությունն ունի ամերիկյան ներկայիս վարչակազմից», - ասել էր Միացյալ Նահանգների նախագահը` հավելելով. - «Այս մրցանակը ես ընկալում եմ որպես գործողության կոչ` ուղղված աշխարհի բոլոր ազգերին: Սա 21-րդ դարի մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու կոչ է»:

Մրցանակը ստանալուց հետո Օբաման հանդես է գալու հատուկ ուղերձով, որի մի շարք դրույթներ արդեն իսկ հայտնի են: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Օբաման որոշել է իր այս ելույթում չշրջանցել Աֆղանստանի թեման. Միացյալ Նահանգների նախագահը Օսլոյում փորձելու է բացատրել, թե ինչ կարիք կա ուժեղացնելու Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորախումբը` եւս 30 հազար զինծառայող ուղարկելով պատերազմող այդ պետություն:

Նոբելյան կոմիտեի որոշումը Միացյալ Նահանգներում միանշանակորեն չի ընկալվել: Դեկտեմբերի սկզբին Քուինփաքի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հարցման արդյունքներով` շարքային ամերիկացիների 66 տոկոսը համոզված է, որ «Օբաման դեռ չի դիմել որեւէ նշանակաի քայլի, չի հասել որեւէ լուրջ դիվանագիտական հաջողության, որի համար նրան կարելի էր արժանացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG