Մատչելիության հղումներ

«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմանների լեզվով խոսելը անիմաստ է, եւ նման փորձ անող կողմը իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», - չորեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք սկսել ենք այս գործընթացը ընդհանուր փոխըմբռնմամբ, որ այս գործընթացը կարող է վարվել առանց նախապայմանների», - հայտարարեց Նալբանդյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այս շաբաթ Վաշինգտոնում հնչեցրած հայտարարություններին։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե՝ «երբ կողմերը ստորագրել են արձանագրությունները, որեւէ նախապայման չի եղել, սակայն խորհրդարանում դրանք անցկացնելու համար ինչ-որ պայման է պետք, հավանաբար՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը»։

«Մենք գործընթացը սկսել ենք առանց նախապայմանների, եւ ստորագրել ենք արձանագրությունները, որտեղ չկա որեւէ նախապայման», - արձագանքելով Էրդողանին՝ ասաց Հայաստանի արտգործնախարարն ու ընդգծեց. - «Վերադառնալով նախապայմաններին՝ մենք մտնում ենք փակ շրջան, որտեղ որ էինք նախկինում՝ հաշտեցման գործընթացը սկսելուց առաջ։ Եվ համապատասխան փորձեր անող կողմը կվերցնի իր վրա ողջ պատասխանատվությունը»։

Կարծիք հայտնելով, որ թուրքական կողմը եւս գիտակցում է՝ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել նախապայմանների լեզվով խոսելը, Նալբանդյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. - «Այդպես է մտածում ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ միջազգային հանրությունը։ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վաշինգտոնը սպասում է երկու երկրների միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացմանը՝ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում»։

Ըստ Էդվարդ Նալբանդյանի, այդ ուղերձը Միացյալ Նահանգների նախագահը փոխանցել է նաեւ Թուրքիայի վարչապետին՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG