Մատչելիության հղումներ

Ռուսաստանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ, դեկտեմբերի 9,2009

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ, դեկտեմբերի 9,2009

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը ուղղված չէ որեւէ մեկի դեմ.այն կատարվում է միայն Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ հարեւան երկրների համար», - այսօր, հայ լրագրողի հարցին պատասխանելիս, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ընդգծել, - «Եթե այդ ուղերձը ճիշտ փոխանցվի, ուրիշ երկրների մոտ լարվածություն չի առաջանա»:

«Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին», - հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը` եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովի շրջանակում կայացած իր ելույթում:

«Մենք դրական ենք վերաբերվում այն հանգամանքին, որ դուք փորձում եք լուծել 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները` փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջում ցուցաբերելով», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Ավելի մանրամասն Ռուսաստանի նախագահը խոսել է ռուս-վրացական հարաբերությունների մասին։

«Չնայած այն բանին, որ Ռուսաստանի նախագահը չի պատրաստվում շփվել Վրաստանի նախագահի, ինչպես նաեւ Վրաստանի մի շարք այլ պաշտոնյաների հետ, ռուս-վրացական հարաբերությունները չպետք է սառեցվեն, եւ բազմաթիվ հարցեր երկու երկրների միջեւ կարող են լուծվել երրորդ երկրների միջոցով», - հայտարարել է Մեդվեդեւը՝ վրացի լրագրողի հարցին պատասխանելիս: Նա նաեւ հույս է հայտնել, թե կգան ժամանակներ, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ չեն լինի վիզաներ։

«Ռուսաստանցիներն ու վրացիները պետք է պահպանեն այն դրականը, որ ստեղծվել է երկու ժոովուրդների միջեւ», - ընդգծել է Դմիտրի Մեդվեդեւը։

Անդրադառնալով երկու երկրների միջեւ հաղորդակցության ուղիներին՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե որեւէ խոչընդոտ չի տեսնում Վերին Լարս անցակետի բացման եւ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման համար:

«Սա նախեւառաջ հասարակ մարդկանց համար է, որոնք շարունակում են միմյանց հետ շփվել՝ չնայած քաղաքական էլիտաների միջեւ առկա բարդություններին եւ որոշ հարցերի շուրջ բաց հակամարտությանը», - ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
XS
SM
MD
LG