Մատչելիության հղումներ

Խոշոր գործարարներից շատերը «Հեռուստամարաթոն - 2009»-ին չեն մասնակցել


«Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացնում է «Հեռուստամարաթոն - 2009», 27-ը նոյեմբերի, 2009թ.
«Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացնում է «Հեռուստամարաթոն - 2009», 27-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստանցի խոշոր գործարարները նոյեմբերի 27-ին կազմակերպված Հեռուստամարաթոնի ընթացքում կամ գումար ընդհանրապես չեն փոխանցել կամ համեստ ներդրում են ունեցել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը հիմնադրամին ընդհանրապես գումար չի փոխանցել, այն դեպքում, երբ անցած տարի նա 2 միլիոն դոլար էր հատկացրել: Գումարներ չեն նվիրաբերել նաեւ խոշոր գործարար Հրանտ Վարդանյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հրապարակված ցուցակում հայաստանցի ընդամենը 2 գործարար է խոշոր նվիրատվություն կատարել` 200 հազար դոլար Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ 101 հազար դոլար՝ «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Վարուժան Գիրգորյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը վստահեցրեց, որ բոլոր պաշտոնյաները` այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղից, մասնակցել են Հեռուստամարաթոնին: Նա, սակայն, դժվարացավ ասել¸ թե նախագահ Սերժ Սարգսյանը որքան գումար է հատկացրել, քանի որ նախագահի աշխատակազմից ստացել են մոտ 8 հազար դոլար, որի մեջ ներառված է նաեւ հանրապետության նախագահի մասնակցությունը:

Ինչ վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա, սովորության համաձայն, փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը` 320 հազար դրամ, իսկ նրա որդի Սեդրակ Քոչարյանը 1 միլիոն դրամ է նվիրաբերել:

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից ընդհանրապես նվիրատվություն չեն ստացել:

Ի դեպ, այս տարի նվիրատվություններ չեն կատարել նաեւ հայազգի խոշոր բարերարներ Քըրք Քրքորյանը եւ Հրայր Հովնանյանը:

«Մեր հանդիպումների ընթացքում նրանք պարզաբանել են, որ պատճառը տնտեսական ճգնաժամն է, չվստահելու խնդիր չկա», - ասաց Արա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այս տարի խոստացված եւ կատարված նվիրատվությունների գումարը կազմում է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG