Մատչելիության հղումներ

Բանուչյանի գործով վճռի հրապարակումը անորոշ ժամանակով հետաձգվեց


Արշակ Բանուչյան
Արշակ Բանուչյան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը պետք է ընթերցվեր Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործով դատավճիռը, սակայն վճռի ընթերցումը անորոշ ժամանակով հետաձգվեց։ Բանուչյանը վստահ է՝ «վճիռը իրականում այստեղ չի կայացվում, վճիռը համապատասխան վայրում դեռ չեն որոշել»։

Արշակ Բանուչյանը մեղադրվում է խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ: Մեղադրող կողմը ֆինանսական զեղծարարությունների մեղադրանքով 4,5 տարվա ազատազրկում է պահանջում։

Մեղադրանքներն ու շուրջ մեկ տարի շարունակվող դատավարությունը, որի ընթացքում Բանուչյանը հեռացվեց իր պաշտոնից՝ նշանակվելով Հնագրագիտության բաժնի վարիչ, Մատենադարանի նախկին տնօրենի խոսքով անհեթեթ են եւ ավելի շուտ միտված են ընդհանուր վախի ու կաշկանդվածության մթնոլորտ ստեղծելուն։

«Վճիռը իրականում այստեղ չի կայացվում, վճիռը համապատասխան վայրում դեռ չեն որոշել», - մեկնաբանելով դատարանի վճռի հետաձգման փաստը՝ «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի ասաց Բանուչյանը։

Ըստ մեղադրանքի` լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Արշակ Բանուչյանը վատնել է այդ հիմնադրամին տրամադրված գումարը, ինչպես նաեւ չի հրատարակել Մատենադարանի հիմնադրման 1600-ամյա հոբելյանին նվիրված բացառիկ հանդեսը: Արշակ Բանուչյանը մեղադրվում է նաեւ իր սեփականությունը հանդիսացող «Մագաղաթ» հրատարակչության ՍՊԸ-ի միջոցով առանց հաշվապահական փաստաթղթերի ձեռք բերված 5 հազար բուկլետը եւ 71 հազար բացիկը իր աշխատակիցներին վաճառել հանձնարարելու մեջ:

Սա Բանուչյանի դեմ հարուցված քրեական առաջին գործը չէ՝ նախորդը հարուցվել էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Բանուչյանը կալանավորվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներով: 4 ամիս կալանքից հետո ապացույցների բացակայության պատճառով այդ քրեական գործը կարճվեց, որից հետո առաջադրվեցին վերը նշված գործով մեղադրանքները:

«Անհեթեթ մեղադրանքներով մարդիկ այսօր բանտերում նստած են։ Ես ինչո՞վ եմ նրանցից տարբերվում», - ասաց Բանուչյանը՝ պնդելով, որ ինքը արդար է, եւ հավաստելով՝ «կռիվ եմ տալու նրա համար, որ արդարադատությունը վերջապես Հայաստանում կարողանա հաղթանակել»։

Դատավճիռը հետաձգվեց անորոշ ժամանակով
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG