Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ընկերակցային համաձայնագրեր կնքելու հարցը


Բենիտա Ֆերերո-Վալդներ
Բենիտա Ֆերերո-Վալդներ

Եվրամիության երկրները դիտարկում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ընկերակցային համաձայնագրեր կնքելու հարցը: Այդ մասին երեքշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:

Ընդգծելով, որ այդ համաձայնագիրը համագործակցության նոր, առավել ընդարձակ դաշտ կստեղծի Եվրամիության եւ Կովկասի միջեւ, մասնավորապես` ազատ մուտքի հնարավորություն կտա եվրոպական շուկաներ, կտրամադրի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն, եվրոպացի պաշտոնյան, միաժամանակ, հիշեցրել է` ծրագիրը ոչ միայն հնարավորություններ է ընձեռում, այլեւ բարեփոխումների պահանջներ ներկայացնում:

«Մինչեւ այս համաձայնագրի կնքումը մի շարք կարեւոր հարցեր պետք է լուծվեն` մարդու իրավունքների, լավ կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ օրենսդրական դաշտում, ազատ առեւտրի եւ շուկայի հասանելիության հետ կապված», - հայտարարել է Ֆերերո-Վալդները` ընդգծելով. - «Այս ամենը պետք է շատ մեծ ուշադրությամբ ստուգվի, դա բխում է երկու կողմերի շահերից էլ, քանի որ առաջընթացը իմաստ կունենա միայն այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ հավասարապես պատրաստ կլինեն դրան»:

Ընդ որում, ինչպես հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները, ամենեւին պարտադիր չէ, որ նոր համաձայնագիրը կովկասյան երեք երկրների հետ Եվրամիությունը կնքի միաժամանակ. առաջընթացը կախված է առանձին երկրներից եւ այդ երկրների ձեռնարկած քայլերից:

«Որքան ակտիվ կլինեն բարեփոխումները, այնքան ավելի սերտ կլինեն հարաբերությունները Եվրամիության հետ», - ձեւակերպել է Բենիտա Ֆերերո-Վալդները:

Այս սկզբունքը եվրոպական ընտանիքը մտադիր է կիրառել նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրում, որին մասնակցում են հետխորհրդային վեց պետություններ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Պահանջվող բարեփոխումների դիմաց պաշտոնական Բրյուսելը այս երկրներին ոչ միայն քաղաքական եւ ֆինանսական օժանդակություն, այլեւ մուտքի վիզաների տրամադրման հեշտացում է խոստանում:

«Սակայն եկեք իրատես լինենք` դեռեւս շատ հարցեր պետք է լուծվեն այդ նպատակին հասնելու համար», - ընդգծել է Ֆերերո-Վալդները:

Ընդհանուր առմամբ, եվրոպացի պաշտոնյաները բավական լավատես էին:

«Թեեւ [Արեւելյան գործընկերության] նախաձեռնության մեկնարկը տրվել է մայիսին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել», - հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: - «Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը Արեւելյան գործընկերության երկրների հետ շատ կառուցողական էր եւ արդյունավետ, ինչը հստակորեն ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունը առաջ է գնում, եւ ես համոզված եմ, որ այդ կառուցողական ոգին եւ առաջընթացը կպահպանվի նաեւ ապագայում»:

Համատեղ ասուլիսին ներկա էր նաեւ Շվեդիայից հետո Եվրամիության նախագահությունը ստանձնող Իսպանիայի արտգործնախարարը, ով խոստացավ Արեւելյան գործընկերության ծրագիրը պահել իր առաջնահերթությունների շարքում:

Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել Եվրոպական միության հետ հարաբերությունները: Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` աշխատել Հայաստան - ԵՄ ընկերակցային համաձայնագրի մշակման եւ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ, հատուկ ուշադրություն է հրավիրել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա:

Նալբանդյանը կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ռեգիոնալ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված գործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: «ԵՄ-ի գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն է'լ ավելի է այն արժեզրկում», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Հանդիպմանը որոշում է ընդունվել նախարարական հաջորդ նիստը անցկացնել 2010 թվականի երկրորդ կեսին, իսկ Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը` 2011 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG