Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահի ընտրություններում հայերի քվեները կարող են որոշիչ լինել


Նախընտրական Սուխումին

Նախընտրական Սուխումին

Դեկտեմբերի 12-ին Աբխազիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում հայերի քվեները կարող են որոշիչ դեր ունենալ: Պաշտոնական տվյալներով` ցուցակներում ընդգրկված 140 հազար ընտրողներից 32 հազարը կամ ավելի քան 20 տոկոսը ազգությամբ հայեր են:

Նոյեմբերի վերջին Աբխազիայի հայ համայնքի խորհուրդը որոշեց աջակցել գործող նախագահ Սերգեյ Բաղապշին:

«Մենք այս որոշմանը հանգել ենք ձայների ճնշող մեծամասնությամբ: Բայց դա չի նշանակում, որ Աբխազիայի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր հայ պարտավոր է քվեարկել Բաղապշի օգտին: Բոլորն էլ ազատ են իրենց ընտրության մեջ` քվեարկել գործող նախագահի օգտին, թե ոչ, առհասարակ գնալ ընտրության, թե չգնալ», - ասում է Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերգեյ Մաթոսյանը:

Դեռ մի քանի շաբաթ առաջ Մաթոսյանը աբխազական ընդդիմության առաջնորդներից էր: Ընտրություններից հաշվված օրեր առաջ, սակայն, նա որոշեց լքել ընդդիմադիր «Ժողովրդական միասնության համաժողով» կուսակցությունն ու միանալ Բաղապշի կողմնակիցներին:

«Իմ այս որոշումն անակնկալ չեմ համարում: Կարծում եմ, որ զուտ պրագմատիկ տեսանկյունից հենց Բաղապշի թեկնածությունը պաշտպանելն է ճիշտ: Նա բավական ինքնուրույն եւ փորձառու քաղաքական գործիչ է, նրա հեղինակությունը թե' Աբխազիայի ներսում եւ թե' արտերկրում բավական բարձր է: Կարող եմ ասել, որ ես որոշեցի աջակցել մի մարդու, որին շատ եմ վստահում», - նշում է Մաթոսյանը:

Հայազգի պատգամավորի անցումը Բաղապշի կողմնակիցների ճամբար տեղական մամուլը որակեց որպես «գործող նախագահի միջանկյալ լուրջ հաղթանակ` ընտրություններից առաջ», քանի որ Մաթոսյանը թե' հայերի եւ թե' աբխազների շրջանում մեծ հեղինակություն է վայելում: Նա մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմին, նույնիսկ արժանացել է Աբխազիայի հերոսի կոչման:

2004 թվականի ընտություններում Աբխազիայի հայերը պաշտպանում էին Բաղապշի հիմնական հակառակորդի` պաշտոնական Մոսկվայի աջակցությունը վայելող Ռաուլ Խաջիմբայի թեկնածությունը: Ու թեեւ առաջիկա ընտրություններին եւս Խաջիմբան առաջադրվել է, հայկական ընտրազանգվածը նրա օգտին հազիվ թե քվեարկի. այս ընտրարշավ Խաջիմբան մուտք է գործել ազգայնական կարգախոսներով` պնդելով, թե քաղաքական ամբողջ իշխանությունը Աբխազիայում պետք է կենտրոնացած լինի բացառապես աբխազների ձեռքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG