Մատչելիության հղումներ

Արշակ Բանուչյանի պնդմամբ` իր նկատմամբ շարունակվում է քաղաքական հետապնդումը


Արշակ Բանուչյան
Արշակ Բանուչյան

Նախատեսվում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը կհրապարակվի Երեւանի Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել է 4,5 տարվա ազատազրկում:

Արշակ Բանուչյանը մեղադրվում է խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ:

Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հայտարարեց, թե իր նկատմամբ շարունակվում է քաղաքական հետապնդումը:

«Անշնորհակալ գործ է` մեկնաբանել այն ամենը, ինչ կատարում է հիմա մեր դատաիրավական համակարգը, որովհետեւ դեռ 15 հոգի էլ ունենք նստած հիմա քաղբանտարկյալներ, որոնց գործերն էլ շատ անհեթեթ, այսպես ... Փնտրել ինչ-որ տրամաբանություն այս ամբողջի մեջ` չկա: Կա մարդկանց ձեռքին իշխանություն, լծակներ, եւ այդ իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն տեսակ անօրինականությունների», - ասաց Բանուչյանը:

Սա Արշակ Բանուչյանի նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործն է: Նա 2008 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ընտրողի ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես` Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներով: 4 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո` անցած տարվա հուլիսին խափանման միջոցը փոխվեց, 2008-ի հոկտեմբերին էլ քրեական գործը կարճվեց: Այնուհետեւ առաջադրվեց երկրորդ մեղադրանքը:

«Իմ` կալանավայրում եղած ժամանակ դեռ, ըստ երեւույթին` տեսնելով, որ այդ գործը որեւէ ձեւով հնարավորություն չի ստեղծում պատժելու, կամ ինձ պատժելու միջոցով` նաեւ վախեցնելու այլ մտավորականներին, որոնք, ըստ էության, ժողովրդի կողքին կանգնած են, նոր քրեական գործ սկսվեց: Ես կարծում եմ, որ հանրապետական հարկայինի օպերատիվ հետախուզական վարչությունը, ըստ էության, լեգենդ էր հորինել. նրանք մտածում էին, որ «դե, մարդը պաշտոնյա մարդ է, հիմնադրամի գործադիր տնօրեն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր` ո՞նց կարող է մի օրինազանցություն, օրինախախտում չունենալ»: Փորձել են փնտրել եւ ինչ-որ բաներ գտնել: Եվ ամեն ինչը քրքրելուց, մի քանի անգամ նայելուց հետո, վերջապես, ինչ-որ մի բան կարողացել են, իրենց թվում է, գտնել», - ասաց Մատենադարանի նախկին փոխտնօրենը` հավելելով. - «Եվ ամենազավեշտալին հենց այդ է. քննիչների հետ շփվելուց ուղղակի ապշում էի, թե ինչ տեսակի անգրագետ մարդիկ են: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորած լինել, բայց իրենց ստրկամտությունը, ծառայամտությունը մարդկանց կյանքեր է խեղում»:

Ներկայացված մեղադրանքները, ըստ նրա, «մտացածին բաներ են, մեկնաբանություններ են, օրենքի վրա չի հիմնավորված»:

«Իհարկե, քաղաքական հաշվեհարդար է: Բայց ես չեմ կարծում, որ ես հաշվեհարդարի արդյունքում վերանում եմ, չէ: Ինչո՞վ են ինձ վախեցնում, կամ ի՞նչ սպառնալիք է. 4,5 տարին, այդ անազատությունը մարդու համար է, բայց ազատ մարդը միշտ էլ ազատ է մնում», - ընդգծեց Արշակ Բանուչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG