Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 9-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով 2010 թվականի պետբյուջեի նախագծին, գրում է. - «Անգամ տեսականորեն` Հայաստանը չի կարող փակել այս մեկ տարվա ընթացքում մեր երկրին այդքան շռայլորեն տրամադրված վարկերը. եթե նույնիսկ հաջորդ տարիներին Հայաստանը արձանագրի տնտեսական երկնիշ աճեր, միեւնույն է` այդ պարտքը չափազանց մեծ է մեր երկրի համար: Պարտքերի հարցում Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին չի կարող օգնել անգամ մեր երկնիշ տնտեսական աճերի «համահեղինակ», հայտնի թվանկարիչ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը: Սակայն սա այն դեպքն է, երբ տեսականորեն հնարավոր չէ, բայց գործնականում` չի բացառվում: Խնդիրն այն է, որ այդ պարտքի տակից կարող ենք դուրս գալ միայն այն դեպքում, եթե վարկատուները, տվյալ դեպքում` «միջազգային հանրությունը», ներեն մեզ այդ պարտքը: Իսկ այդպիսի «ներողամտություն» կարող է լինել միայն մի դեպքում` եթե Հայաստանը «միջազգային հանրությանը» տա այն, ինչը վերջինս սպասում է Հայաստանից: Իսկ դա հայ - թուրքական հարաբերություններն են եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կարգավորումը»: Ընդ որում, արդեն ակնհայտ է, որ այդ երկու հարցը «միջազգային հանրության» համար դիտարկվում է մեկ փաթեթում եւ տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները «պարզորոշ վկայում են, որ Թուրքիան իրականում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի ցանկություն էլ չունի, որ Թուրքիան միտումնավոր փակուղի է մղում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացը եւ որ ստորագրված, սակայն դեռեւս անվավեր արձանագրությունները այդպիսին էլ կմնան, կամ, եթե նույնիսկ վավերացվեն էլ, ապա նշված հայտարարությունների համատեքստում կլինեն ընդամենը անիմաստ թղթի կտոր»։ «Հասկանալի է նաեւ, որ Էրդողանն ու թուրքական կողմը հրաշալի գիտակցում են՝ Հայաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի հարաբերությունների կարգավորման «էրդողանյան» տարբերակին, ավելին՝ կհակադարձի դրանց։ Եվ միգուցե, նպատակն էլ հենց դա է», - գրում է մեկնաբանը:

«Ժամանակ»-ը անդրադարձել է Աֆղանստան զորախումբ ուղարկելու փաստին` գրելով. - «Բայց հասարակության անտարբերությունն իսկապես զարմացնում է եւ վկայում այն մասին, որ մեր կյանքում ինչ-որ կարեւոր բան սկսել է տեղի տալ, ինչ-որ կարեւոր բան սկսել է լինել իրավիճակին ոչ համարժեք: Խոսքը ամենեւին այն մասին չէ, որ հասարակությունը պետք է բազմահազար բողոքի ակցիաներով ընդդիմանար Աֆղանստան խաղաղապահներ գործուղելու համաձայնությանը: Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը, հասարակական կարծիքը ներկայացնելուն հավակնող ուժերը որեւէ կերպ չփորձեցին անգամ այդ հարցը, դրա նպատակահարմարությունը բազմակողմանի քննարկման ենթարկել»:

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, եւ այդ առիթով «Հրապարակ»-ը գրում է. - «Մարդիկ, համենայնդեպս քաղաքակիրթ երկրներում, վաղուց են հասկացել, որ կոռուպցիան ու առաջադիմությունը, կոռուպցիան ու մարդավայել կյանքն իրար հետ անհամատեղելի են: Այժմ գանք մեր երկրին, որտեղ կոռուպցիան համատարած է` վերեւից ներքեւ, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը միայն գրանտներ լվանալու միջոց է, որի արդյունավետությանը ոչ ոք չի հավատում եւ ըստ այդմ` ոչ ոք այլեւս դրա դեմ չի պայքարում: Անգլիական հայտնի ասույթի հանգի` մենք թուլացել եւ հաճույք ենք ստանում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը երեկ իր տարածած հաղորդագրության մեջ հարցադրում է արել` ինչո՞ւ է Հայաստանը մնում առավել կոռումպացված երկրների շարքում: Եվ ինքն էլ պատասխանել. - «Պատճառներն ակնհայտ են. արմատացած ու համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առաջ բոլորի հավասարություն, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների եւ մարդու այլ հիմնարար ազատությունները եւ չխրախուսելով ազատ մամուլը»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Էլիտար բնակարանաշինությունը Հայաստանում ճգնաժամից առանձնապես չի տուժել. 10 ամսվա կտրվածքով արձանագրվել է ընդամենը 4 տոկոս անկում` ի տարբերություն անհատական բնակարանաշինության, որտեղ անկումը 4-անգամյա է: Հենց էլիտար բնակարանաշինությունն էլ այն թիրախն է, որը կզգա գլոբալ ճգնաժամի հերթական ալիքի ազդեցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG