Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանի բժիշկը խորհուրդ է տալիս ազատ արձակել իր հիվանդին


Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ԱԺ-ի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը դատարանում, 2009թ.
Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ԱԺ-ի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը դատարանում, 2009թ.

2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի բուժող բժշկի կարծիքով առավել նախընտրելի է, որպեսզի իր հիվանդը չվերադառնա քրեակատարողական հիմնարկ։

Անցած շաբաթ Սասուն Միքայելյանը բուժում ստանալու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա շարունակում է մնալ իրավապահների խիստ հսկողության ներքո: «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին նույնիսկ մոտ հարազատներին թույլ չէին տալիս տեսակցել հիվանդի հետ:

Սասուն Միքայելյանը քիթ-կոկորդային բաժանմունք էր տեղափոխվել շնչառական խնդիրների պատճառով, նշանակված է շնչառական ուղիների վիրահատություն, սակայն, ըստ բժշկի, այդ խնդիրներն այժմ մղվել են երկրորդ պլան։ Այսօր ամենալուրջն ու անհանգստացնողը սրտի վիճակն է: Մինչ այժմ սրտաբանի կողմից արված բոլոր հետազոտությունների արդյունքները դա են վկայում։ Բժշկի հավաստմամբ` գերխնդիրը սրտի վիճակը կայունացնելն է, որպեսզի հնարավոր լինի Սասուն Միքայելյանի շնչառական օրգանների վիրահատությունը կատարել, հակառակ դեպքում` վիրահատությունը «ռիսկեր է պարունակում»:

«Հիմա մեզ անհանգստացնող համար 1 խնդիրը դա սրտամկանի հետին պատի սնուցման խանգարումն է, որի կապակցությամբ սրտաբանի կողմից նշանակվել է բուժում։ Դինամիկ հսկվելու է, եւ եթե դրական դինամիկա լինի, կամ վատացում չլինի՝ կնշանակվի վիրահատության օրը, հավանաբար` երեքշաբթի կնշանակվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը։ Ըստ բժշկի, եթե վիրահատությունից հետո սրտի հետագա բուժման անհրաժեշտություն առաջանա, ապա Սասուն Միքայելյանին սրտաբանական մասնագիտացված կլինիկա տեղափոխելու կամ բուժումը իրենց հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում շարունակելու կարիք կլինի : Բժշկի համոզմամբ` ցանկալի է, որ Միքայելյանը «բուժումը շարունակի ազատության մեջ»:

«Դատապարտյալների հիվանդանոցի բժիշկները պրոֆեսիոնալներ են, շատ ուշադիր, բայց այնտեղ չկա այն տեխնիկական հնարավորությունները, ինչը կա մասնագիտացված կլինիկաներում։ Եվ երկրորդը` հիվանդի հոգեհուզական ոլորտը ավելի ստաբիլ կլինի եւ նա բժշկին օգնողի դերում կլինի, եթե նա լինի ազատության մեջ», - Սասուն Միքայելյանին քրեակատարողական հիմնարկ չվերադարձնելու իր կարծիքը նաեւ այսպես հիմնավորեց բուժող բժիշկը։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը հունիսի 22-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու ու կրելու մեղադրանքներով:

Առողջական վիճակի վատթարացման հետ կապված՝ սեպտեմբերի 12-ին Սասուն Միքայելյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղից, արդեն դեկտեմբերի 4-ին նա տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ պատիժը կրող եւ առողջական խնդիրներ ունեցող անձը կարող է կալանավայրից ազատ արձակվել, «եթե այդ հիվանդությունը թույլ չի տալիս իր պատժի հետագա կրումը իրականացնել», ինչը որոշվում է կառավարության կողմից հրապարակված հիվանդությունների ցանկով։

Սասուն Միքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանը վստահ է, որ իր պաշտպանյալի հիվանդությունը համապատասխանում է չափանիշներին: Եվ եթե ստեղծվի բժշկական հանձնաժողով, որը հանդես գա համապատասխան եզրակացությամբ, դա կարող է հիմք հանդիսանալ պաշտպանյալի ազատ արձակման համար:

Միքայելյանի բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը, սակայն, վաղ համարեց դեռ նման հարցերի մասին խոսելը, միաժամանակ նշելով. - «Ես ոչ թե առողջական վիճակի ծանրությունը համարելով եմ ցանկանում, որ ազատ արձակեն, այլ զուտ այն պայմանով, որ հիվանդը ազատության մեջ ավելի լավ կբուժվի, եւ երկրորդ՝ ես այդ մարդու անձի մեջ հանցագործ չեմ տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG