Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեքշաբթի Ազգային ժողովի պատգամավորներ գրանցեց անկուսակցական Կորյուն Նահապետյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Հարությունյանին:

Դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում անցկացվեցին Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Երկու ընտրատարածքներում էլ ընտրվեցին գրանցված մեկական թեկնածուները. Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, անկուսակցական Կորյուն Նահապետյանը, իսկ Հրազդանում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը:

Երեւանի թիվ 8 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի տեղի համար ընտրություններին մասնակցել է ընտրողների 14,14, իսկ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում` 24,79 տոկոսը: 2007 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նույն ընտրատեղամասերում անցկացված ընտրություններին մասնակցել էին ընտրողների համապատասխանաբար` 45 եւ 65 տոկոսը:

«Ժողովրդի անվստահությունը ընտրությունների եւ ընտրությունների արդար ելքի նկատմամբ, ինչպես տեսնում եք, հենց ապացուցվում է մասնակցության գրանցված տվյալներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը։

Երկու ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ծագեց այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը դատապարտվեցին 2008 թվականի մարտյան իրադարձությունների առնչությամբ եւ զրկվեցին պատգամավորական մանդատներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG