Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 8-ի մամուլ


«168 ժամ»-ը, անդրադառնալով Բարաք Օբամա - Ռեջեփ Էրդողան հանդիպմանը, արձանագրում է. - «Հանդիպումից հետո հնչած դեկլարատիվ հայտարարությունները թույլ չեն տա իմանալ` իրականում ինչ են խոսել Էրդողանն ու Օբաման եւ ինչ համաձայնությունների են եկել: Հանդիպման արդյունքների մասին հնարավոր կլինի գուշակել միայն իրադարձությունների հետագա զարգացումը վերլուծելով: Ի դեպ, հայկական դիվանագիտության վերջին տասնամյակի «փայլուն ձեռքբերումների» շնորհիվ այսօր մեզ միայն դա էլ մնում է անել` կողքից հետեւել ու գուշակել, թե ուրիշները ինչ են պայմանավորվում, այդ թվում` նաեւ մեր հարցով: Մեր դիվանագետներն էլ կարող են «բարի նախանձով» հետեւել, թե Թուրքիայի վարչապետը ինչպես է Ջոն Հոպկինսի համալսարանում դասախոսություն կարդում «21-րդ դարում դիվանագիտության ճանապարհով խաղաղության նախաձեռնող Թուրքիան» թեմայով»:

Նույն թեմայի առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հետեւյալ հարցադրումն է անում. - «Ռեջեփ Էրդողանի «սուլթանական կեցվածքը» իրականում մարտահրավեր է ոչ այնքան Հայաստանին, որքան հոկտեմբերի 10-ի արձանագրություններն իբրեւ տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության նախաքայլ դիտարկող միջազգային հանրությանը։ Նման պայմաններում ինչպես Հայաստանում իր ռազմական հենակետն ունեցող Ռուսաստանը, այնպես էլ Հարավային Կովկասում հեռահար ռազմավարական նպատակներ ունեցող Միացյալ Նահանգները պետք է հարց տան իրենց. ո՞ւր է տանում Ղարաբաղի խնդրի արագ հանգուցալուծման Թուրքիայի պահանջը։ Եթե սա մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման սկիզբն է, ինչպես պնդում է թուրքական կողմը, ապա ինչո՞ւ է Անկարան համառորեն կառչել Մադրիդյան սկզբունքների միայն մեկ բաղադրիչից՝ ազատագրված տարածքների մի մասը վերադարձնելու կետից»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե ամեն ինչ քաղաքականացնելու եւ «գլոբալիզացնելու» ձգտումը սահմանափակ ու գավառական մտածելակերպի դրսեւորում է, ապա չինովնիկների` «մի' քաղաքականացրեք» կոչը թարգմանաբար նշանակում է` «մեզ հանգի'ստ թողեք, կերակրատաշտի մոտ խելոք կանգնած` մեր պատառն ենք վայելում, մեր անդորրը մի' խախտեք»: Օրինակ, ԴԱՀԿ-ի պաշտոնյան ասում է` «մի' քաղաքականացրեք «Չորրորդ իշխանություն» թերթի խնդիրը»: Ախր, ինչպե՞ս չքաղաքականացնենք, եթե ի սկզբանե դատարան ներկայացրած հայցը ոչ թե այդ թերթի պարտքը վերադարձնելու մասին է, այլ` այդ անունով թերթ «որեւէ տպարանում» հրատարակելու դեմ: Ես կարող եմ, չէ՞, դրանից եզրակացնել, որ հայցվորին հուզում է ոչ թե իր փողը, այլ թերթի բովանդակությունը: Անկախ նրանից` այն ինձ դուր է գալիս, թե ոչ, ես համոզված եմ, որ պետությունը (դատարանը) չպիտի զբաղվի թերթի բովանդակությամբ, եթե խոսքը հատուկ օրենքով նախատեսված դեպքերի մասին չէ»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը, վերլուծելով Հայաստանի քաղաքական, տնտեսական համակարգի էությունը, եզրակացնում է. - «Հայ օլիգարխների մեծամասնությունը կարծում է, որ ինքը կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում հասարակությունում: Անշուշտ դա ճշմարտություն է, ինչպես որ ժամանակին կարծում էին, որ ստրկատիրությունը կապիտալիզմի համար անհրաժեշտ գործոն է, այնպես էլ այս համակարգը թվում է անփոխարինելի: Վերացնելով այս համակարգը, ինչպես Լինքոլնի նման համարձակ քաղաքական գործիչները վերացրեցին ստրկատիրությունը, կունենանք իսկապես բարգավաճող երկիր: Լինքոլնի նախաձեռնությունը հղի էր քաղաքացիական պատերազմով, ավազակապետության վերացումը համանման վտանգներ ունի, ինչի վկայությունն են մարտիմեկյան դեպքերը: Բայց հենց վերջինն է հույս ներշնչում, որ փոփոխությունները կլինեն արմատական եւ կամավոր»:

Երեկվա տարելիցի առիթով «Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադարձել է աղետի գոտու խնդիրներին` գրելով. - «Տարիներ շարունակ իշխանական քարոզչամեքենան այս թեմային անդրադառնալիս բավարարվել է ընդամենը թվեր հրապարակելով, ընդ որում` կե'ղծ թվեր: Եթե անգամ հարցին նայենք թվերի «տեսանկյունից», ապա ստիպված կլինենք արձանագրել զարմանալի մի փաստ` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Աղետի գոտում իրականացվել է շատ ավելի մեծ ծավալի շինարարություն, քան հետագա «երկնիշ տնտեսական աճի» տարիներին: Բայց խնդիրն այստեղ մրցակցությունը չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո միայն Հայաստանի հյուսիսը չէ, որ ավերվել էր: Մարդկանց հոգեբանությունն էր ավերվել: Եվ առաջին հերթին հենց ա'յդ ավերածությունն էր պետք վերականգնել: Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել էին հարազատներին, տասնյակ հազարավոր տներ էին ավերվել, ու ողջ մնացածներին շատ բան պետք չէր. «ընդամենը» պետական հոգածություն, հավատ պետության ու ապագայի նկատմամբ եւ մի քիչ էլ նյութական օգնություն: Ու հավատացեք` մարդիկ իրենց ուժերով կվերականգնեին իրենց տները: Լուծվե՞ց արդյոք այս խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Իհարկե չլուծվեց, բայց խնդիրը դրված էր, եւ պետությունը հենց այդ ուղղությամբ էր աշխատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG