Մատչելիության հղումներ

Օբաման եւ Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տանն ընդունեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, Վաշինգտոն, 7-ը դեկտեմբերի, 2009

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տանն ընդունեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, Վաշինգտոն, 7-ը դեկտեմբերի, 2009

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էնդրյու Թուլլին Վաշինգտոնից հաղորդում է, որ Հայաստանի թեման իր տեղն է ունեցել երկու ղեկավարների հանդիպման օրակարգում։ Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Միացյալ Նահանգների ղեկավարը դրվատանքով է խոսել Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունների մասին։

Սպիտակ տան մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահ Բարաք Օբաման հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ ինքը ողջունել է հայ - թուրքական հարաբերությունների բարելավման խնդրում վարչապետ Էրդողանի կատարած խիզախ քայլերը եւ հորդորել է առաջ շարժվել այդ ուղղությամբ:

Ճեպազրույցում, որին ներկա էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Ռեջեփ Էրդողանը ասել է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունները չափազանց կարեւոր են հայ - թուրքական հարաբերությունների համատեքստում։

«Մենք քննարկել ենք Մինսկի խմբի գործունեությունը, խոսել ենք այն մասին, թե ինչ կարող են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանն անել բանակցություններին նոր լիցք հաղորդելու համար: Դա շատ դրական կազդի ամբողջ գործընթացի վրա, որովհետեւ հայ - թուրքական կապերի բարելավումը էական առնչություն ունի այդ հարցերի հետ», - ասել է Թուրքիայի վարչապետը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռեջեփ Էրդողանը Բարաք Օբամային ասել է, որ տարածաշրջանում հարատեւ խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, եւ եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` երկարատեւ խաղաղության հնարավորություն չի լինի։

Խոսելով հայ - թուրքական արձանագրությունների վավերացման մասին` Էրդողանը, ըստ APA-ի, ասել է, թե ոչ ինքը եւ ոչ էլ կառավարությունը չեն կարող որեւէ բան թելադրել խորհրդարանին, եւ ավելացրել է. - «Սակայն ես ենթադրում եմ, որ Ղարաբաղը շատ զգայուն խնդիր է մեր խորհրդարանի համար»։

Նրա խոսքերով` երբ արձանագրությունները ստորագրվել են, որեւէ նախապայման չի եղել, սակայն խորհրդարանում դրանք անցկացնելու համար ինչ-որ պայման է պետք. - «Այդպիսի բան է, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։

«Եթե Մինսկի խումբը որքան հնարավոր է արագացնի հակամարտության կարգավորումը, մենք կկարողանանք բարելավել մեր հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Ադրբեջանական մեկ այլ` «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Օբամայի հետ հանդիպումից հետո Էրդողանը ելույթ է ունեցել Ջոն Հոփքինսի համալսարանում, որտեղ ասել է, թե ինքը Միացյալ Նահանգների ղեկավարին հայտնել է Ադրբեջանի տեսակետն այս հարցում։

«Ես տեսնում եմ, որ լիդերները դրսեւորում են քաղաքական կամք, որն անհրաժեշտ է հարցի կարգավորման համար։ Հիմա Մինսկի խումբը պարտավոր է իր կամքը ցույց տալ», - ասել է Էրդողանն ու ավելացրել. - «Ղարաբաղից զատ` Ադրբեջանը նաեւ իր տարածքի զգալի մասն է կորցրել։ Այժմ հինգ շրջան` գումարած Լաչինն եւ Քելբաջարը, պետք է վերադարձնել Արդբեջանին։ Ես այս բանն ասել եմ նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` մեր վերջին հանդիպման ժամանակ»։

Նշելով, որ Թուրքիայում ներկայումս ապրում է շուրջ 170 հազար հայ, Էրդողանը շեշտել է, որ նրանցից շատերը Թուրքիայի քաղաքացի չեն։

«Մենք նրանց հետ չենք ուղարկել Հայաստան, որովհետեւ հասկանում ենք, որ նրանք եկել են` իրենց երկրում վատ վիճակից ելնելով։ Մենք արտոնել ենք օդանավերի թռիչքները Հայաստան, վերանորոգել ենք Վանում հայկական եկեղեցին։ Դա մեր բարի կամքի դրսեւորումն էր, բայց նրանք էլ պետք է քայլեր անեն», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում առանցքային հարցերից էին Աֆղանստանի իրավիճակը եւ Իրանի միջուկային ծրագրի թեման։ Օբաման ասել է, որ Թուրքիան կարեւոր դերակատար է Իրանի հետ կապված խնդիրներում։ Էրդողանը, իր հերթին, հավաստիացրել է, որ Անկարան պատրաստ է ամեն կերպ նպաստել Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանը։

«Ռոյթերզ» գործակալությունը նշել է, որ երկու ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել մերձավորարեւելյան քաղաքականության եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցերի շուրջ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ առկա ակնհայտ տարաձայնությունների ժամանակաշրջանում։
XS
SM
MD
LG