Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպում են Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպում են Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարները։

Եվրամիության նախաձեռնած «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում են նախկին Խորհրդային Միության վեց պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսն ու Ուկրաինան։ Ծրագրի մեկնարկը պաշտոնապես տրվեց այս տարվա մայիսին՝ Պրահայում: Եվրամիությունը շոշափելի առավելություններ խոստացավ հետխորհրդային երկրներին, մասնավորապես` ազատ առեւտրային ռեժիմ, ֆինանսական լուրջ օժանդակություն, այդ երկրների քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի վիզաների տրման հեշտացում: Փոխարենը` Եվրամիությունը ակնկալում է բարեփոխումներ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում։

Այսօր, փաստորեն, ծրագրի մեկնարկից կես տարի անց, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հանդիպում են վեց պետությունների գործընկերներին՝ քննարկելու համար մինչ օրս կատարված քայլերն ու առաջիկա ծրագրերը։

Եվրամիությունում այժմ նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Եվրամիության եւ հետխորհրդային վեց երկրների արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է նաեւ Եվրախորհրդարանի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների մասնակցությունը։ Քննարկումների ավարտին կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը, ամենայն հավանականությամբ, կվարի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG