Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարի կարծիքով, մոտ ապագայում փաստաթուղթ կստորագրվի Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե շատ «մոտ ապագայում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կստորագրվի համապատասխան փաստաթուղթ, որին կհաջորդի շրջանակային պայմանագիրը»։

Ընդդիմադիր գործչի խոսքով, մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա այժմ փորձ է արվում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, անընդունելի են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի համար։

«Այսօր աննախադեպ իրավիճակում ենք գտնվում, երբ համանախագահող երկրների նախագահների մակարդակով հրապարակվում է մի փաստաթուղթ, երբ ԵԱՀԿ-ի անդամ բոլոր երկրները տալիս են հավանություն, այդ թվում՝ հակամարտող կողմերը», - ասաց նա: - «Այսօր մենք կանգնած ենք կարգավորման շեմին»:

Արզումանյանը հիշեցրեց, թե, օրինակ, 1996 թվականին ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում Հայաստանին առաջարկվեց այդ նույն տարբերակը, սակայն այն ժամանակ պաշտոնական Երեւանը դեմ դուրս եկավ, ինչի արդյունքում` փաստաթուղթը չընդունվեց։

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չհամաձայնվեց ներկայացվածին՝ պնդելով, թե այն, ինչ Լիսաբոնում առաջարկվել էր Հայաստանին, էապես տարբերվում է աթենքյան հայտարարությունից։

«Այն ժամանակ [Լիսաբոնում] առաջարկվում էր լուծումը տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ինքնավար մարզի կարգավիճակ էր ստանալու Լեռնային Ղարաբաղը, իսկ հիմա, երբ շեշտվում է ինքնորոշման իրավունքը, անկախ պետության կարգավիճակի մասին է խոսքը: Դրանք լրիվ տարբեր բաներ են եւ իրար հակասող», - պարզաբանեց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Դիտարկմանը, թե աթենքյան հայտարարության տեքստում նույնպես խոսվում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, եւ ընդդիմախոսներն ասում են, թե միանալով այդ հայտարարությանը` Հայաստանն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը կօգտվի ազգերի ինքնորոշման իր իրավունքից, սակայն, ամեն դեպքում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Զոհրաբյանը արձագանքեց. - «Գիտեք, կա փաստաթուղթ եւ կա կյանք… Երբ որ Ադրբեջանի տարածք ասում են, հասկանում են՝ Ղարաբաղը դուրս: Դա դեկլարատիվ հայտարարություն է»:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես մտահոգված է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա վերջին զարգացումներով։ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իրենք պարզ տեսնում են, որ ղարաբաղյան հարցում ակտիվություն է նկատվում եւ իրենք այդ ակտիվությունը կապում են հայ-թուրքական պայմանավորվածությունների եւ բանակցությունների հետ, ուստի նաեւ այդ պատճառով ձգտելու են ամեն կերպ խոչընդոտել արձանագրությունների անցումը Սահմանդրական դատարանով կամ վավերացումը Ազգային ժողովում։

«Եթե մեր այս աշխատանքը արդյունք չտա, մենք կդիմենք նաեւ արմատական քայլերի, որի մեջ ես այսօր տեսնում են նախագահի հրաժարակի պահանջը», - հավելեց նա՝ նաեւ հաստատելով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե առաջիկայում ՀՅԴ-ն դատի է տալու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` այն հիմնավորմամբ, որ նախարարը Թուրքիայի հետ բանակցություններ վարելիս իբր գործել է ու գործում է առանց Հանրապետության նախագահի գրավոր թույլտվությամբ, ինչն օրենքի խախտում է։

Քանի որ Աթենքից հետո ՀԱԿ-ն ու ՀՅԴ հատկապես ընդգծում են իրենց մտահոգությունները ղարաբաղյան զարգացումների վերաբերյալ, ՀԱԿ շարունակում է պնդել նախագահ Սարգսյանի հրաժարականի մասին, իսկ ՀՅԴ-ն չի բացառում, որ կպահանջի նախագահի հրաժարականը, հարց է առաջանում` ինչքանո՞վ է հնարավոր ՀԱԿ-ՀՅԴ համագործակցությունը կամ արդյոք նրանց դիրքորոշումներում մերձեցում կա՞։

Արզումանյանն ու Շահբազյանն, իհարկե, ներկայացրեցին երկու ուժերի միջեւ եղած տարաձայնությունները:

Այդուհանդերձ, Արզումանյանը ասաց. - «Հայաստանյան կառույցներ ենք երկուսս էլ, բոլորս էլ մտահոգ ենք մեր հայրենիքի ապագայով: Այնպես որ, այդ առումով, իհարկե մերձեցում կա»:

«Այն իմաստով, որ կա մտահոգություն, որ իսկապես վտանգվում է Ղարաբաղը, այո մոտեցումները, այո, մոտենում են իրար», - իր հերթին ասաց Շահբազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG