Մատչելիության հղումներ

Թիվ 10 ընտրատարածքում մեկնարկում է քարոզարշավը


Հայաստան -- Ընտրություններ, արխիվ
Հայաստան -- Ընտրություններ, արխիվ

Երկուշաբթի օրը մեկնարկում է թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը:

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարելու են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը:

Ի տարբերություն իր մրցակիցների, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անցկացնելու է վստահված անձանց միջոցով:

Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրենքը վստահված անձանց թույլ է տալիս ամեն օր երկու ժամով հանդիպել պատգամավորության թեկնածուին: Արդեն այսօր Մաթեւոսյանը եւ մյուս վստահված անձինք հանդիպել է Փաշինյանին ու քննարկել քարոզարշավի մարտավարությունը:

Քանի որ Փաշինյանը հնարավորություն չունի անձամբ հանդիպելու ընտրողներին, նրան օգնելու են շուրջ 6 տասնյակ երիտասարդներ, ովքեր տուն առ տուն այցելելու են ընտրատարածքի ընտրողներին: Վերջիններս կբաժանվի տեսասկավառակ, որտեղ կընդգրվի Փաշինյանի ուղերձը:

«Կարծում եմ, Նիկոլը օժտված է այնպիսի կամային հատկություններով, որ այս ժամանակավոր անազատությունը նրան չի կաշկանդի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

Փաշինյանի գլխավոր կարգախոսը հետեւյալն է. «Իմ հաղթանակը քո հաղթանակն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG