Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվեց Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարին


Հայաստան -- Երկրաշարժից վթարային դարձած եւ մինչ օրս կանգում մնացած վթարային շինություն Գյումրիում, 7--ը դեկտեմբերի, 2009 թ.

Հայաստան -- Երկրաշարժից վթարային դարձած եւ մինչ օրս կանգում մնացած վթարային շինություն Գյումրիում, 7--ը դեկտեմբերի, 2009 թ.

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով պաշտոնական տվյալներով 25 հազար մարդ զոհվեց, ավելի քան 100 հազար մարդ մնաց անօթեւան, քանդվեցին եւ վնասվեցին հարյուրավոր դպրոցներ, արտադրական ձեռնարկություններ։ Երկու տասնամյակ անց երկրաշարժի հետեւանքները դեռ ամբողջությամբ վերացված չեն։ Թեեւ աղետի գոտին այժմ պաշտոնապես համարվում է «զարգացման գոտի», այստեղ դեռեւս 7000 ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում։

Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերին, Գյումրի, 7-ը դեկտեմբերի, 2009թ.
Ոգեկոչման արարողություններին մասնակցելուց հետո նախագահը մեկնել է Ախուրյանում կառուցվող շաքարի գործարան, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է կառուցում։

Անցած տարի դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանի հետ Գյումրի էր եկել նաեւ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այս անգամ, սակայն, նա պաշտոնական պատվիրակության կազմում չէր։ Փոխարենը, երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ տեղադրված առաջին ծաղկեպսակը նրա անունից էր, հետեւյալ վերտառությամբ. «ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից»։

Ավելի վաղ Գյումրի էին այցելել ընդդիմության՝ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։ «Շատ կուզենայի այս տարածաշրջանը տեսնել երկրաշարժի վերքերից ամբողջութամբ ազատված, սրտերն ու հոգիները՝խաղաղված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանն ու ընդծեց, - «կարեւորը կառուցված տունը չէ, կարեւորը հոգու խաղաղությունն է, ինչը, դժբախտաբար, այստեղ չկա»։

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ այսօր Գյումրիի «Մուշ-2» թաղամասում անօթեւան մի քանի ընտանիքների նոր բնակարաններ են հանձնվելու, սակայն, շենքերի շահագործումը հետաձգվել է այս ամսվա երկրորդ տանսօրյակ։

Գյումրիում «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունը պետական ֆինանսավորմամբ կառուցելու է 3 հազար 30 բնակարան, որից 1056-ը նախատեսվում էր շահագործման հանձնել դեռ նոյեմբերի 15-ին։ Մինչ օրս, սակայն, աշխատանքները շարունակվում են։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հավաստիացրեց, որ ծրագիրը ավարտին է հասցվելու. - «Շինարարությունը ընթացքի մեջ է։ Այս տարի 1050 բնակարանի շինարարությունը ավարտվելու է, ինչպես եւ նախատեսված էր։ Մյուս տարի ավարտելու ենք 1980 բնակարանի շինարարություն Գյումրիում»։

Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել էր Լոռու մարզ՝ Սպիտակ, Վանաձոր։ Վարչապետը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մոմ վառեց բարձրաստիճան պաշտոնյաների ու Լոռիից ընտրված պատգամավորների հետ, մասնակցեց պատարագի ինչպես Սպիտակում, այնպես էլ Վանաձորում։

Լոռու մարզից վարչապետը հեռացավ առանց լրագրողների հետ զրուցելու։ Փոխարենը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին որոշ տվյալներ հայտնեց հաջորդ տարվա բյուջեում աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերի մասին, ընդգծելով, որ այս ոլորտի ծախսերը չեն կրճատվել՝ չնայած տնտեսական ճգնաժամին եւ բյուջեի ընդհանուր կրճատմանը։

«Աղետի գոտի բնակարանաշինության համար ծախսերը հաջորդ տարի կազմում են 22.5 միլիարդ դրամ, ինչը չի կրճատվի», - ասում է նախարարը:

Լոռիում այժմ Կառավարության միջոցներով բնակարանաշինություն է իրականացվում Սպիտակ քաղաքում ու այս տարածաշրջանի 8 գյուղերում: Կառավարության՝ աղետի գոտու վերականգնման ծրագրով մինչեր 2013 թվականը բնակարանով կապահովվի մոտ 2000 ընտանիք՝ 385-ը Սպիտակում, մնացածը՝ գյուղական 33 բնակավայրերում:

Սպիտակում այժմ ընթանում է 220 անհատական տան շինարարությունը: Այն կավարտվի հաջորդ տարեվերջ:

Սրանով Սպիտակում բնակարանի կարիքավորների խնդիրը չի լուծվի: Շուրջ 2000 ընտանիքներից 1200-ը մասնավոր տուն կորցրածներն են, մնացածն էլ՝ այսպես կոչված՝ տրոհված ընտանիքները: Այս ընտանիքների՝ բնակարանով ապահովման հարցը կառավարությունն առայժմ չի դիտարկում:

Վանաձորում բանակարանային հերթացուցակում 64 ընտանիք է ներառված: Քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասում է, թե նրանց մեծ մասը քաղաքում չէ, իսկ մնացած մասն էլ հրաժարվում է բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով բնակարան գնելուց՝ պատճառաբանելով, թե ԲԳՎ-ների արժեքը չի համապատասխանում շուկայական գներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG