Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կհանդիպեն Օբաման եւ Էրդողանը


Բարաք Օբամա, Ռեջեփ Էրդողան, Անկարա, ապրիլի 6,2009
Բարաք Օբամա, Ռեջեփ Էրդողան, Անկարա, ապրիլի 6,2009
«Հարցերը, որոնք կքննարկի Օբաման Էրդողանի հետ, շատ պարզ են», - իր հրապարակման մեջ գրել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` շեշտադրելով չորս հիմնական հարց:

ԱՄՆ-ի նախագահն ու Թուրքիայի վարչապետը անդրադարձ կկատարեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին, Իրանին, Իսրայելին, նաեւ` անվտանգությանը վերաբերող հարցերի:

Օբամայի վարչակազմը էական հետաքրքրություն է դրսեւորում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման եւ դրանցում նշված կետերի կյանքի կոչման հարցում:

«ԱՄՆ-ը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ողջունել է, որովհետեւ դրանք համընկնում են իր շահերի հետ», - «Հուրիեթ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների Մարշալի հիմնադրամի ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի հարցերով փորձագետ Յան Օ. Լեսսերը: - «Օբաման, ամենայն հավանականությամբ, կասի` «լավ աշխատանք եք կատարել, ստորագրել եք դրանք,հիմա պետք է գործողության մեջ դնեք»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մեկնելու նախօրերին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռեջեփ Էրդողանը ասել էր. - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը ուղիղ կապ ունի Ղարաբաղյան խնդրի կարգավորմնան հետ: Մենք ի սկզբանե ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին՝ եթե կարգավորեք հայ-ադրբեջանական հակամարտությունը, կլուծեք նաեւ թուրք-հայկական խնդիրը»:

Հանդիպմանը կարող է քննարկվել նաեւ հակահրթիռային համակարգը Թուրքիայում տեղադրելու հնարավորությունը:

«Չեխիայում եւ Լեհաստանում համակարգի տեղադրման հարցը վերանայելուց հետո, քննարկումներ կարող են սկսել այն Միջերկրական ծովում տեղակայելու հնարավորության շուրջ, բայց հակամարգի որոշ մասեր նաեւ ափում տեղադրելու ծրագրեր կան: Այս առումով», - կարծում է Մարշալի ֆոնդի ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի հարցերով փորձագետը, - «Օբամային կարող է հետաքրքրել Թուրքիայի կարծիքը խնդրի վերաբերյալ»:

Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ կքննարկվի նաեւ Իրանի հարցը:

«Իսլամական այս հանրապետության շուրջ ընթացող զարգացումներն արագ են փոփոխվում: Եվ, իրականում, Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունի հակասություն: Ու առաջիկայում Իրանի խնդիրը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար կդառնա մի յուրօրինակ քննություն` հասկանալու առումով` ունեն արդյո՞ք նրանք հատման կետեր, թե` ոչ», - ասել է փորձագետը: - «Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգ, այստեղ խորհրդի անդամ Թուրքիայի համար կառաջանա քվեարկության հարց»:

Առաջիկա հանդիպմանն անդրադառնալով` Ստամբուլի Սաբանջի համալսարանի պորֆեսոր Սաբրի Սայարըն նշում է. - «Բանակցությունների ընթացքում թուրքական կողմը հայտարարելու է, որ արձանագրությունները ստորագրված են, սակայն խորհրդարանում` դրանց վավերացման համար Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է անհրաժեշտ»։ Ամերիկյան կողմը, ըստ թուրք պրոֆեսորի, սրան կհակադրաձի, թե պատրաստվում որոշակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, բայցեւայնպես թուրքական խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները։

Մեկ այլ թուրքական համալսարանի` Բիլգիի պրոֆեսոր Իլթեր Թուրանն էլ նշում է. - «Թուրքիան ցանկանում է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականությունը։ «Դրա հետագա ընթացքը, սակայն Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուսրբերումից է կախված», - նշում է թուրք գիտնականը։

Մեկ հեղինակավոր մեկնաբանի՝ Սեմի Իդիզի կարծիքով, Էրդողանը Վաշինգտոնում հստակորեն ասելու է, թե՝ «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ցանկացած դրական զարգացում կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ու կխթանի այդ պրոցեսը»։

Ինչ վերաբերում է ամերիկացի վերլուծաբաններին, ապա մի մեջբերում «Ռենդ» կորպորացիայի փորձագետ Սթիվ Լարաբիի խոսքից. - «Օբաման միանշանակորեն աջակցելու է Անկարայի` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին՝ միաժամանակ հասկացնելով, որ հետագա քայլերը համակարգվելու են նաեւ պաշտոնական Բաքվի հետ»։ Դա, ըստ Լարաբիի, թույլ կտա «լրջորեն չվտանգել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը»։

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը Էրդողանի այցի նախօրեյին բողոքի հեռախոսային արշավ է սկսել, որի մասնակիցները զանգահարում են Սպիտակ տուն` բողոքելով Թուրքիայի վարած քաղաքականության եւ Էրդողանի այցի դեմ։

«Վարչապետ Էրդողանին հաջողվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ ի հայտ եկած արձանագրությունները օգտագործել ամերիկյան վարչակազմի հետ համագործակցությն դաշտ ստեղծելու համար։ Որպես հետեւանք` արգելափակվել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը», - ասել է Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով. - «Թուրքիայի վարչապետը Վաշինգտոն է գալիս իր այս հաջողությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG