Մատչելիության հղումներ

Երկու ընտրատարածքներում կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ


Դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում անցկացվեցին Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Երկու ընտրատարածքներում էլ ընտրվեցին գրանցված մեկական թեկնածուները. Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, անկուսակցական Կորյուն Նահապետյանը, իսկ Հրազդանում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը:

Երկու ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ծագեց այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը դատապարտվեցին 2008 թվականի մարտյան իրադարձությունների առնչությամբ եւ զրկվեցին պատգամավորական մանդատներից:

Երեւանի թիվ 8 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի տեղի համար ընտրություններին մասնակցել է ընտրողների 14,2, իսկ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում` 24,79 տոկոսը: 2007 թվականի մայիսյան ընտրություններին նույն ընտրատեղամասերում անցկացված ընտրություններին մասնակցել էին ընտրողների համապատասխանաբար` 45 եւ 65 տոկոսը:

Թիվ 8 ընտրատարածքի 10-րդ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Շիրակ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրողների մասնակցության պասիվությունը պայմանավորված էր ընտրություններին մասնակցող ընդամենը մեկ պատգամավորական թեկնածուի առկայությամբ:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Կորյուն Նահապետյանի նախընտրական շտաբի պետ Աշոտ Սմբատյանը նշեց, որ իրենք քարոզարշավ իրականացրել են:

«Սովորաբար, մեկից ավելի թեկնածուների դեպքում մրցակցություն է լինում: Թեկնածուների թիմերը ցանկանում են ավելի շատ թվով ընտրողներ տանել տեղամասեր: Մեկ թեկնածուի դեպքում ունենք այն, ինչ որ ունենք», - նշեց Կորյուն Նահապետյանի շտաբի պետը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները դիտարկելու համար գրանցվել էր ընդամենը մեկ կազմակերպություն` «Կայունություն եւ դաշինք» հասարակական կազմակերպությունը: «Ազատություն» ռադիոկայանի այցելած ընտրատեղամասերում, սակայն, ասացին, որ դիտորդներ չեն երեւացել:

Ընտրությունները վավեր են համարվում եւ թեկնածուները` ընտրված, եթե քվեարկողների կեսից ավելին կողմ է քվեարկում առաջադրված թեկնածուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG