Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանում նախագահի կրկնակի ընտրություններ են անցկացվում


Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպու, 13 նոյեմբեր,2009
Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպու, 13 նոյեմբեր,2009

Մոլդովայի խորհրդարանում այսօր նախագահի կրկնակի ընտրություններ են անցկացվում։ Ինչպես նախորդ՝ նոյեմբերի տասին տեղի ունեցած քվեարկությունում,այսօր էլ առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու՝Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն։ Առանց մրցակցի անցկացվող այս ընտրություններում, սակայն, նա ստիված է հաղթահարել մեկ այլ, առավել դժվարին մարտահրավեր. հաղթնակի համար նախագահի թեկնածուին անհրաժեշտէ ստանալ առնվազն 61 քվե, մինչդեռ իշխանությունը խորհրդարանում ունի ընդամենը 53 ձայն։ Մնացած՝ 48 մանդատները տնօրինում են ընդդիմադիր կոմունիստները, որոնք հրաժարվում են համագործակցությունից։ «Եթե կողմերին այսօր էլ չհաջողվի համաձայնության գալ, Մոլդովան կընկնի խորը ներաքաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ»,–զգուշացնում են փորձագետները։

Նույնն է պնդում նաեւ ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն՝ Մարիան Լուպուն,Ազատություն ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում. «Տնտեսական ճգնաժամը լուրջ հարվածներ է հասցնում Մոլդովային, հետեւանքները իսկապես դրամատիկ են։ Ստեղծված իրադրությունից դուրս գալու համար օժանդակություն է անհրաժեշտ միջազգային ֆինանսական կատռույցներից, սակայն քանի դեռ Մոլդովայում իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում, միջազգային կառույցները միջնաժամկետ, առավել եւս երկարաժամկետ ծրագրեր չեն առաջարկում»,–ասում է նախագահի թեկնածուն։

Փակուղուց դուրս գալու համար իշխանությունները վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ բանակցություններ էին վարում կոմունիստների հետ, մինչեւ վերջին պահը, սակայն, դրանք ընթանում էին անարդյունք։ Համենայնդեպս, նախօրեին կոմունիստների առաջնորդ, երկրի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարեց, թե իշխանության թեկնածուին օգտին քվերակելու հարցը կոմունիստները կորոշեն միայն երկուշաբթի առավոտյան։ Այլ կերպ ասած՝ընտրություններից րոպեներ առաջ։

«Կարծում եմ՝ նրանք շատ են լավ հասկանում՝ինչ են անում, եւ ինչ արդյունքների կարող է հանգեցնել այս քաղաքականությունը»,–մեկնաբանելով կոմունիստների քայլը՝ Ազատություն ռադիոկայանին նախօրեին ասել էր Մարիան Լուպուն եւ ընդգծել,–«այդուամենայնիվ, հասկանալով ամեն ինչ, կոմունստները առաջին պլան են մղում ոչ թե ազգային շահը, այլ՝ գուցե որոշ մարդկանց, գուցե կուսակցության որոշ շրջանակների անձնական հետաքրքրությունները»։

Ավելի վաղ կոմունիստները հայտարարել էին, որ մտադիր են երկրորդ անգամ եւս բոյկոտել նախագահական ընտրությունները եւ դրանով իսկ՝ հասնել խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, հաջորդ տարի Մոլդովան կրկին կկանգնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության առջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG