Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ներկայացուցչի պնդմամբ, Հայաստանի նախագահը համաձայնել է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը ուրբաթ օրը, անդրադառնալով Աթենքում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում ընդունված հայտարարությունը, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փաստորեն համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում:

Աթենքում ընդունված փաստաթղթում, ըստ Զուրաբյանի, Հայաստանն առաջին անգամ ընդունեց, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա եւ «ջուրը լցրեց Հայաստանի դիվանագիտական կառույցների մինչեւ օրս կատարած աշխատանքը», քանի որ նախկինում Հայաստանի բոլոր կառույցները ունեցել են հստակ հրահանգ՝ թույլ չտալ, որպեսզի տարածքային ամբողջականության որեւէ դրույթ ընդգրկվի միջազգային փաստաթղթերթում:

«1996 թվականին, երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա՝ հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը։ Նույն պայմաններում այդ հնարավորությունը ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց։ Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով», - ասված է նախօրեին Կոնգրեսի տարածած հայտարությունում։ - «Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու։ Այսպիսով Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության՝ երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար»։

«Լեռնային Ղարաբաղի անկախության ապահովման միջազգային ամենակարեւոր մեխանիզմը կարելի է համարել փլուզված: Հայաստանը այսուհետեւ ընդունել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասուլիսում հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նա ծիծաղելի է համարում արտգործնախարար Նալբանդյանի փաստարկը, թե՝ ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ ներառված է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ պնդելով, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ժողովրդի ինքնորոշումը պետք է իրագործվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, ինչին Ադրբեջանը մշտապես համաձայն է եղել:

Զուրաբյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են ԵԱՀԿ-ի այդ հայտարարության վտանգները: Պարզապես Հայաստանի իշխանությունները իրենց հայտարարություններով փորձում են «խաբել ժողովրդին եւ ակնհայտ պարտությունը իբրեւ հաղթանակ մատուցել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք, իր կարծիքով, Սերժ Սարգսյանը կհամաձայնի Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Արդեն համաձայնել է: Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Սերժ Սարգսյանը համաձայնվել է»:

Հարկ է նշել, որ նախագահ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է հակառակը՝ որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
XS
SM
MD
LG