Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Ռար. «ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը հայերին կներկայացնեն Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատելու վերջնագիր»


Եվրոպական միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են կայունացնել իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում եւ, չբավարարվելով միայն Վրաստանի հետ սերտ կապերով, առավել գործընկերային հարաբերություններ հաստատել նաեւ Ադրբեջանը ու Հայաստանի հետ։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի «Ռուսաստան - Եվրասիա» կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ալեքսանդր Ռարը:

«Եթե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը իսկապես մտադիր են տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալ, ապա Ղարաբաղյան հակամարտության հարցում չեն կարող սատարել կողմերից միայն մեկին», - ասել է Ալեքսանդր Ռարը եւ հավելել. - «Ես համոզված եմ, որ նախ հայերին կներկայացնեն Ադրբեջանի գրաված տարածքները վերադարձնելու վերջնագիր։ Դա նույնիսկ հարց չի հարուցում, Երեւանն ինքն էլ է գիտակցում, որ անհրաժեշտ է վերադարձնել այդ հողերը»։

Ալեքսանդր Ռարի կարծիքով` անցած տարիների ընթացքում Արեւմուտքի ամբողջ քաղաքականությունն ուղղված էր բացառապես Վրաստանի վրա, սակայն հիմա արդեն եկել է փոփոխությունների ժամանակը։

Դրա համար Արեւմուտքին պետք է Ղարաբաղյան կարգավորման հարցում ստանալ տարածաշրջանի բոլոր երկրների աջակցությունը, իսկ դա, իր հերթին, նախ եւ առաջ առնչվում է Ադրբեջանի «գրավյալ» տարածքներին։ Միաժամանակ, Ռարը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի խնդրի լուծումը անորոշ ժամանակով կհետաձգվի։

Խոսելով Ռուսաստանի ազդեցության մասին` Ալեքսանդր Ռարն ասել է, թե այսօր հստակ նկատվում է պաշտոնական Բաքվի հետ էներգետիկ դաշինք կազմելու Մոսկվայի ձգտումը։

Վերլուծաբանը «Թրենդ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը։

«Իրավիճակն առաջիկայում կզարգանա բավական դինամիկ կերպով, եւ Թուրքիան, իմ համոզմամբ, Արեւմուտքի ճնշումների ներքո կվավերացնի հայ - թուրքական արձանագրությունները», - ասել է Ռարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG