Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 4-ի մամուլ


«Կապիտալ»-ը, հիշեցնելով, որ ատոմային բլոկը բաղկացած է երեք կարեւոր հանգույցներից՝ ռեակտոր, տուրբինային համակարգ եւ ավտոմատ համակարգ, մեջբերում է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ ընդամենը շաբաթներ առաջ հնչեցրած խոսքերը. - «Մեկ երկիրը չի տնօրինում այս երեք դպրոցները միասին, այլ ունի նեղ մասնագիտակցում: Օրինակ՝ Ռուսաստանի ռեակտորները համարվում են լավագույններից մեկը, լավ տուրբիններ արտադրում են գերմանական ընկերությունները, իսկ ավտոմատ համակարգեր՝ եվրոպական եւ ամերիկյան ընկերությունները»: Թերթը շարունակում է. - «Ստացվում է, որ թեեւ որպես լավագույն տարբերակ համարվում էր կոնսորցիումը, կառավարությունը, այնուամենայնիվ, նախապատվությունը տվեց մի կապալառուի, որը, բացի ռեակտորից, անհրաժեշտ սարքավորումները ձեռք կբերի այլ ընկերություններից: Բացառված չէ, որ հայ-ռուսական ընկերությունը հետագայում, օրինակ՝ տուրբինների հարցում, նախապատվությունը տա ռուսականներին»:

«Հայկական ժամանակ»-ի՝ «Ինչպես մեկ օրում կերան կես միլիոն» վերտառությամբ նյութում կարդում ենք. - «Ի վերջո, որքա՞ն գումար էր ծախսվել Հանրապետական կուսակցության համագումարը կազմակերպելու համար: Մեզ հաջողվեց ճշտել, որ ֆուրշետը ՀՀԿ-ն պատվիրել է «Արիես» կազմակերպությանը, որի գործադիր տնօրեն Արման Պետրոսյանը երեկ կտրականապես հրաժարվեց հայտնել, թե որքան գումար է ՀՀԿ-ն վճարել իրենց՝ հյուրասիրության դիմաց: Ի գիտություն ընդունելով սույն կազմակերպության գնացուցակը, որը զետեղված է նրա կայքում, երեք մենք ինքներս մոտավոր հաշվարկ արեցինք»: Թերթը հիշեցնում է, որ համագումարի օրը միջոցառման շեֆ-խոհարարը ասել էր, թե յուրաքանչյուր կերակրից պատվիրվել է 10 հազար հատ. - «Ֆիրմային ֆուրշետը, ըստ կայքի գնացուցակի, արժե 5200 դրամ մեկ անձի համար: Այսինքն՝ եթե պատվերը, ինչպես նշել է շեֆ-խոհարարը, եղել է 10 հազար հատ, ստացվում է, որ միայն այս դրվագի վրա ծախսվել է 52 միլիոն դրամ: Մի խոսքով, ամենամեղմ հաշվարկներով ստացվում է, որ միայն հյուրասիրության վրա Հանրապետականն այդ օրը ծախսել է 200-250 հազար դոլար»:

«Առավոտ»-ը, իր առաջին էջում հրապարակելով սպիտակ գույնի «Կրայսլեր» ավտոմեքենայի լուսանկարը, գրում է, թե մեքենայի «տերը» մոտ մեկուկես տարի առաջ պաշտոնանկ արված ՀՀ մաքսային պետական ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանն է՝ շարունակելով. - «ՀՀ մաքսային պետական ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը իր առանձնատուն՝ Ծաղկաձոր ու այլ տեղեր գնալուց շարունակում է օգտվել բացառապես պետական ավտոմեքենաներից, որոնք, ի դեպ, պատկանում են միանգամից երկու գերատեսչությունների՝ պետական եկամուտների կոմիտեին եւ պահպանության պետական ծառայությանը: Իսկ «ախրաննիկները» շեֆին ուղեկցում են պետական եկամուտների կոմիտեի ավտոմեքենաներով: Գուցե այն պատճառով, որ այդ թիկնապահները առ այսօր էլ գրանցված են եւ աշխատավարձ են ստանում հենց պետեկամուտների կոմիտեից: Իհարկե, այս պարագայում հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ է այս մասին մտածում, ամեն հինգշաբթի կառավարության նիստերում իր կաբինետի անդամներին բարոյախրատական դասախոսություններ կարդացող վարչապետը: Այն դեպքում, երբ 2010թ. բյուջեում կրճատվում են սոցիալական, կրթական եւ անգամ պաշտպանության ծախսերը, նախկին պաշտոնյան շարունակում է «սնվել» պետբյուջեից»:

«Երկիր» պարբերականը գրում է. - «Անդրադառնանք ՀՀԿ-ի քարոզչամեքենայի այն պնդումներին, թե իշխող այդ գերկուսակցությունը ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2007-ին կարող էր միանձնյա ղեկավարել երկիրը եւ միատարր կառավարություն ունենալ, բայց նա չգայթակղվեց դրանով: ՀՀԿ-ն, ըստ մեզ, պարզապես առաջնորդվում է «ավելի լավ է ունենալ ազդեցիկ եւ հզոր կոալիցիոն գործընկեր, քան ի դեմս այդ նույն ուժի` ընդդիմություն» սկզբունքով: Այնպես որ, խոսել քաղաքական մեծահոգության մասին` այնքան էլ ճիշտ չէ: Վերցնենք թեկուզ Երեւանի թաղային համայնքների վերջին` 2008 թվականի ՏԻՄ ընտրությունները: Ինչո՞ւ այդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ամեն ջանք գործադրեց տիրանալու համայնքի ավագանու բոլոր տեղերին, եղան նույնիսկ այնպիսի համայնքներ, օրինակ` Ավան համայնքը, որտեղ ՏԻՄ ավագանին բաղկացած էր բացառապես ՀՀԿ-ական մարդկանցից: Նույնը չկատարվե՞ց Երեւանի քաղաքապետի ընտրություններում, երբ կոալիցիոն ՕԵԿ-ը չհաղթահարեց ձայների անհրաժեշտ անցողիկ շեմը: Թե ուր անհետացավ ՀՀԿ մեծահոգությունը` ոչ ոք չտեսավ, բայց փոխարենը, ՀԱԿ-ի հրաժարականից հետո, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետարանում ավագանու ընդդիմադիր անդամներ չեն լինելու, ընտրությունից ամիսներ անց ՀՀԿ-ն սկսեց քարեր նետել քաղաքապետարան անցած ԲՀԿ-ի բոստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG