Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցիչը արձագանքում է արտգործնախարարի հայտարարությանը


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պնդմանը, թե Ադրբեջանը «առաջին անգամ հաստատում է ազգերի ինքնորոշման սկզբունքը»: Կարապետյանի խոսքով՝ Նալբանդյանը «հերթական անգամ փորձում է մոլորեցնել ժողովրդին»:

Կարապետյանը փաստարկեց, թե Ադրբեջանը մշտապես ճանաչել է այդ սկզբունքը, ուղղակի «այդ ինքնորոշումը Բաքուն պատկերացնում է տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Նա վտանգավոր է համարում, որ ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ ամրագրվել է տարածքային ամբողջականության սկզբունքը. - «Ես առհասարակ վտանգավոր եմ համարում, որ ԵԱՀԿ-ի տարածքը՝ ամբողջ 56 պետությունները համաձայնել են այն դրույթի շուրջ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեղի է ունենալու նաեւ տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա, կարծում եմ, նահանջ է: Սա մի նոր երեւույթ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների շրջանակում, եւ հավատացնում եմ, որ նախկինում այդպես չի եղել»:

«Մենք վտանգներ ենք տեսնում, որ, ամրագրելով տարածքային ամբողջականության սկզբունքը, կարող են մեզ համար ոչ ցանկալի զարգացումներ տեղի ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում», - հավելեց Վլադիմիր Կարապետյանը: - «Ի տարբերություն տարածքային ամբողջականության՝ ազգերի ինքնորոշումը միանշանակ չի նշանակում անկախության ձեռք բերում. այն կարող է թե' անկախություն նշանակել, թե' լինել տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանը, նաեւ օգտագործելով միջազգային հանրության իր զինակիցներին, առաջ է տանելու այս թեզը», - եզրափակեց Կարապետյանը:

Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, մինչդեռ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ կապակցությամբ ասաց, թե առավել կարեւոր են Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական հայտարարությունները Բաքու վերադառնալուց հետո: Ըստ այդ հայտարարությունների՝ Ադրբեջանի կողմից ինքնորոշման սկզբունքի ընկալումը «հեռու է իրականությանից». - «Թեեւ օգտագործվել են նոր բառեր, այդ բառերի ետեւում չկա անկեղծություն եւ փոխըմբռնում»:

Կիրակոսյանի կարծիքով, առաջիկայում դժվար թե որեւէ փաստաթուղթ ստորագրվի Ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «դիրքորոշումների մոտեցում, ըստ էության, տեղի չի ունեցել»:

«Ո'չ Ադրբեջանում եւ ո'չ էլ Հայաստանում քաղաքական կամք գոյություն չունի», - ասել է Կիրակոսյանը: - «Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունը ընդամենը համաձայնություն է բանակցային գործընթացի օրակարգի վերաբերյալ: Հետեւաբար Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող վիճակը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ կմնա նույնը»:

«Թերեւս, մենք չպետք է ակնկալենք առաջընթաց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, քանի դեռ ժողովրդավարական բարեփոխումներ տեղի չեն ունեցել Հայաստանում եւ Ադրբեջանում», - հայտարարեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG