Մատչելիության հղումներ

Սելեսթ Վոլանդեր. «Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հետ գործընկերությունը»


Սելեսթ Վոլանդերը Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադում, 3-ը դեկտեմբերի, 2009
Սելեսթ Վոլանդերը Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադում, 3-ը դեկտեմբերի, 2009

Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հետ գործընկերությունը, որն իր օժանդակությունն է ցուցաբերել ՆԱՏՕ-ին եւ դաշնային ուժերին` Կոսովոյի, Իրաքի եւ շուտով Աֆղանստանի խաղաղարար ուժերում իր մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի քաղաքականության հարցերով պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը` հինգշաբթի օրը այցելելով Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:

Նույն օրը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ` քննարկելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ անվտանգության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն` հանդիպումների ընթացքում Սելեսթ Վոլանդերը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող գործընթացին եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Օբամայի վարչակազմի պատրաստակամությունը` ընդգծելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման հիմնարար սկզբունքները:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սելեսթ Վոլանդերը հայտնել է, որ տպավորված է հայ զինծառայողների կարողություններով:

Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը եւ ասել է, որ Հայաստանը պարտավոր է եւ ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում:

Հանդիպման մասնակիցները արդյունավետ են գնահատել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը, իրականացված ծրագրերը:

Նախագահը շեշտել է, որ հայ - ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ Հայաստանը շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:

«Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի եւ Եվրասիայի անվտանգության հարցերով երկարամյա փորձառություն ունեցող փորձագետ դոկտոր Վոլանդերը պաշտպանության քարտուղարությունում աշխատանքի է անցել անցյալ ամռանը: Նա Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG