Մատչելիության հղումներ

Հաշմանդամների համար լուրջ խնդիր է բժշկասոցիալական փորձաքննությունների գործընթացը


Դեկտեմբերի 3-ը, որպես հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992 թվականից` համաձայն Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած բանաձեւի: Հաշմանդամների օրվա առթիվ տարածած ուղերձում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, առողջություն եւ բարեկեցություն մաղթելով Հայաստանի հաշմանդամ քաղաքացիներին, արձանագրում է, որ վերջին տարիների ընթացքում պետության սուղ հնարավորությունները թույլ չեն տվել լիարժեք լուծում տալ հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին:

«Հասկանալի է, որ հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աստիճանից։ Մենք պետք է ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամ մարդը կապրի լիարժեք, բարեկեցիկ կյանքով եւ լիակատար հավասարության պայմաններում», - իր ուղերձում ասել է նախարարը։

2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 170 հազար 950 հաշմանդամ, որից 14 հազար 336-ը 1-ին, 94 հազար 899-ը` 2-րդ, 53 հազար 009-ը` 3-րդ խմբի: Մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 8706 է:

Իրենք՝ հաշմանդամները, ամենամեծ խնդիրներից մեկը համարում են բժշկասոցիալական փորձաքննությունների գործընթացը, որով մարդիկ հաշմանդամության կարգ են ստանում։

«Իրոք քաշքշուկը բավական մեծ է լինում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց «Ունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը։ «Շատ անգամ չեն բացառվում նաեւ կոռուպցիոն դեպքեր, որոնց դեմ մենք փորձում ենք պայքարել։ Առանց այն էլ մարդը խնդիր ունի։ Ցանկացած մարդու համար դա սթրես է, եթե նա դարձել է հաշմանդամ, եւ պարզապես ցինիկություն է այդ խնդիրները բարդացնել», - ասաց Ալավերդյանը` ով ինքն էլ առաջին կարգի հաշմանդամ է։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջի համաձայն, տարեկան բժշկասոցիալական փորձաքննություն է անցնում մոտ 70 հազար քաղաքացի, որից 21 հազարը առաջնակի քննվողներն են, 49 հազարը` կրկնակի փորձաքննվողները:

Այս պահին Երեւանի վարչական դատարանում մի դատական գործ կա. բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովը որոշել է վերանայել երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամահատված հաշմանդամի կարգը եւ նրան երրորդ կարգ տրամադրել։

«Մարդու ոտքը հաստատ չի աճել։ Այստեղ արդեն ենթադրություններ կարելի է անել, թե ի՞նչ դրդապատճառներով են փոխել այդ խումբը», - այս մասին ասաց «Ունիսոն» կազմակերպության նախագահը։

Հայաստանի 25 բժշկասոցիալական հանձնաժողովներից 3-ը տեղակայված են Երեւանի «Արթմեդ» բժշկական կենտրոնում։

«Լինում են դեպքեր, երեւի... ես չգիտեմ։ Մենք այդպիսի բան չենք անում։ Կարող է լինում են քաշքշուկներ ինչ-որ նպատակներով։ Որտե՞ղ չկա ինչ-որ նմանատիպ երեւույթներ։ Բայց ես կասեմ, որ ավելի շատ է մեր ոլորտի մասին բացասական խոսակցությունը, քան իրականում կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արդարացավ Թիվ 5 հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG