Մատչելիության հղումներ

Պենտագոնի պաշտոնյան տպավորված է հայ զինծառայողների կարողություններով


Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը այսօր եղել է Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադում եւ տպավորված է հայ զինծառայողների կարողություններով: Այդ մասին նա հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Պենտագոնի ներկայացուցիչը ասել է, որ այցի ընթացքում նպատակ ունի ավելի լավ հասկանալ պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները: Նա նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր խաղաղապահ առաքելություններին:

Նախագահի մամլո գրասենակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը եւ ասել է, որ Հայաստանը պարտավոր է եւ ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում:

Հանդիպման մասնակիցները արդյունավետ են գնահատել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը, իրականացված ծրագրերը: Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ այդ համագործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի:

Նախագահը շեշտել է, որ հայ - ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ Հայաստանը շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:

«Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG