Մատչելիության հղումներ

Հայաստանի նոր ատոմակայանի ռեակտորը կլինի ռուսաստանյան արտադրության


Մեծամորի ատոմակայանը
Մեծամորի ատոմակայանը

Հայաստանի նոր ատոմակայանի ռեակտորը կլինի ռուսաստանյան արտադրության: Հինգշաբթի օրը կայացած նիստում կառավարությունը հավանության արժանացրեց ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը, ըստ որի` հայկական կողմը ռուսաստանյան «Ատոմստրոյ-Էքսպորտ» ընկերության հետ համատեղ ստեղծում է փակ բաժնետիրական ընկերություն` 60 միլիոն դրամ (շուրջ 155 հազար դոլար) կանոնադրական կապիտալով:

Ներկայացնելով փաստաթուղթը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասաց. - «Նախագծով առաջարկում ենք. հիմք ընդունելով Warley Parsons կառավարող ընկերության վերլուծության արդյունքները` հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով կահավորելուն, որն ունի հետեւյալ պարամետրերը` հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը` 60 տարի, անվտանգության եվրոպական սերտիֆիկատ»:

Նախագծով հանձնարարվում է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին` հայկական կողմից ներդրվող 30 միլիոն դրամ կանոնադրական կապիտալի բաժինը կատարել էներգետիկայի բնագավառի ընկերությունների շահույթի հաշվին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հանձնարարվում է «կազմակերպել ռեակտորային կղզյակի սարքավորումների պատվերի տեղադրման գործընթացը Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերություններում»:

Նորաստեղծ փակ բաժնետիրական ընկերության հայկական կողմի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:

Հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայտարարելով. - «Մենք այսօր քաղաքական որոշում ենք կայացնում, մենք համաձայնություն ենք տալիս` ստեղծելու համատեղ ձեռնարկություն մեր ռուս գործընկերների հետ` 50:50 հարաբերակցությամբ»:

«Սա մտնում էր այն ռազմավարության մեջ, որը մենք հաստատել ենք նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, ատոմակայանի կառուցման ռազմավարության մեջ այս սկզբունքային կետը ֆիքսված էր, համաձայնեցված էր նաեւ օպերատորի հետ: Ատոմակայանի կառուցման գործընթացը սահուն ընթանում է», - ասաց վարչապետը:

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթել է Warley Parsons միջազգային կոնսորցիումը:

Warley Parsons-ը հիմնադրվել է 30 տարի առաջ Ավստրալիայում` որպես Grill at Wholohan Grill and Partners խորհրդատվական ընկերություն: Ընկերությունը տեխնիկական, ծրագրային եւ գործառական ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրներում` հիմնականում էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտներում: Ունի ավելի քան 114 գրասենյակներ եւ 31,700 աշխատակազմ:

Մինչեւ 2016 թվականը Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Մեծամորում տեղակայված խորհրդային տիպի ատոմակայանը փոխարինել նոր տիպի ատոմակայանով, որը կհամապատասխանի անվտանգության արեւմտյան չափանիշներին:

Եվրամիությունը հետեւողականորեն հայկական իշխանություններից պահանջել է` փակել Հայկական ատոմակայանը, եւ պատրաստակամություն է հայտնել մինչեւ 100 միլիոն եվրո տրամադրել ատոմակայանի փակման աշխատանքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG