Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախարարները կոչ են անում պահպանել Ղարաբաղյան բանակցությունների «դրական դինամիկան»


ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի` Աթենքում անցկացված 17-րդ նիստի մասնակիցները չորեքշաբթի օրը հայտարարություն են ընդունել, որում Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում պահպանել բանակցությունների «դրական դինամիկան»:

«Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես սատարում ենք նրանց հանձնառությունը` վերջնականապես համաձայնեցնելու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները, առանց հապաղման եւ բարի կամքով սկսելու համար համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը», - ասված է հայտարարությունում:

ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները ողջունում են Մինսկի խմբի համանախագահ երկրների իրենց գործընկերների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:

«Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա», - նշում են ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպման մասնակիցները` համոզմունք հայտնելով, որ «այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»:

Ինչպես չորեքշաբթի երեկոյան ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 17-րդ նիստին հաջորդած ասուլիսում նշեց ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ արտգործնախարար Գիորգոս Պապանդրեուն, նիստը նշանակալի էր, մասնավորապես, այն առումով, որ վերջին 10 տարում չէր հաջողվել ընդունել նախարարների համատեղ հռչակագիր:

Ի շարս երկու տասնյակ այլ փաստաթղթերի ընդունված հռչակագրի երկրորդ կետում, մասնավորապես, ԵԱՀԿ-ի արտգործնախարարները լուրջ մտահոգություն են հայտնում, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները լիովին չեն իրականացվում եւ կիրառվում, ուժի կիրառումը դեռեւս չի բացառվում որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրների միջեւ բանավեճերի հանգուցալուծման եղանակ, եւ զինված բախումներ, հակամարտություններ են եղել նաեւ վերջին տարիների ընթացքում:


Աննա Իսրայելյան, Աթենքից
XS
SM
MD
LG