Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 3-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մեզանում իսպառ բացակայում է երկխոսության մշակույթը, ուստի մշտապես ծավալվում են նույնիսկ ոչ թե վեճեր. վիճողները գոնե ականջի ծայրով լսում են միմյանց, այլ բղավոցներ։ Լավ, բայց ինչո՞ւ են այդպես կոկորդ պատռում։ Ըստ երեւույթին, որպեսզի չլսեն ընդդիմախոսին։ Մեկ էլ տեսար պատահաբար խելքին մոտ մի բան ասաց։ Չափ ու սահման անցնող դեցիբելներով բանավեճերում դիրքորոշումներն անխուսափելիորեն պարզեցվում են։ Երկու ճամբարներում էլ կան ոչ այնքան տափակ դատողությունների ունակությունը պահպանած մարդիկ, բայց լսվում է բնավ ոչ նրանց ձայնը։ Եթե անգամ առաջին դեմքերը խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին, ապա ավելի ստորին մակարդակներում նրանց խոսքերը հետզհետե այնպես են նենգափոխվում, որ շղթայի վերջում հնչում են արդեն գրեթե որպես նոր պատերազմի կոչեր»։

«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Գուցե մենք ենք զգայուն դարձել, գուցե փոքր երկրում վատ լուրերը արագ են տարածվում, բայց ակնհայտ է, որ ողբերգություններն ու դաժանությունները մեզանում շատացել են: Ընդամենը մի քանի շաբաթվա մեջ մի շարք ցնցող հանցագործությունների մասին գրեց մամուլը: Այնպիսի հանցագործությունների, որոնցից յուրաքանչյուրը կբավարարեր մեկ տասնամյակ մի ամբողջ սերնդի սարսափեցնելու համար: Այս սահմռկեցուցիչ պատմությունները ամերիկյան թրիլերներից չեն վերցված, այլ մեր առօրեական կյանքից, կատարվել են մեր կողքին եւ մինչ այդ միանգամայն նորմալ մարդկանց կողմից: Սրանով հավանաբար հոգեբույժներն ու հոգեբանները պետք է զբաղվեն, պարզեն, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ, ինչով է բացատրվում դաժանության այս ալիքը, ինչպես դրա դեմն առնել»:

«Առավոտ»-ի թղթակիցը երեկ Աթենքում գտնվող ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յանես Լենարչիչից հետաքրքրվել է, թե երբ են հրապարակելու մարտի 1-ի գործերով դատավարությունների դիտարկման վերաբերյալ իրենց զեկույցը: «Հաջորդ տարի, հուսով եմ՝ հունվարին», - արձագանքել է պաշտոնյան: Մյուս հարցին՝ կարելի՞ է արդեն հրապարակել որոշ եզրակացություններ արված դիտարկման վերաբերյալ, Լենարչիչը պատասխանել է, թե դեռ վաղ է եւ հիշեցրել է, որ դիտարկումը տեւել է բավական երկար ամիսներ. - «Այժմ մենք ամփոփում ենք այս զեկույցը: Այն նաեւ կթարգմանենք հայերեն: Եվ դրանից հետո այն նոր պատրաստ կլինի հրապարակման համար»:

«Հայկական ժամանակ»-ը գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ զրուցել է նոր պատերազմի հնարավորության մասին: Կոմանդոսը ասում է. - «Եթե ուզենային, պատերազմը վաղուց կանեին: Իրենք պատրաստ չեն: Դա ադրբեջանական բլեֆ է: Նրանք տեխնիկա ունեն, բայց բանակ չունեն: Նրանց բանակը սիրուն, ուժեղ՝ ոնց որ Վրաստանի բանակն է, բայց Վրաստանի բանակը 24 ժամ է դիմացել կռվին: Բոլորը փախել են, չէ՞: Ես չգիտեմ՝ թուրքերը կարող են մի քիչ շատ դիմանալ՝ 10 օր 15 օր, ու կունենան մի 2-3 օր հաջողություն, բայց նրանք պատրաստ չեն պատերազմի: Նրանք պատրաստ լինեին՝ Թուրքիան էլ, Ամերիկան էլ կասեին՝ սկսեք, տղերք ջան: Ադրբեջանը չի կարող կռվել, այնպես, ինչպես հայերը չեն կարող կռվել: Ինչ-որ մեկը պետք է մեր մեջքին կանգնի: Ադրբեջանի մեջքին հիմա Թուրքիան է կանգնած, իսկ մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ, եւ մենք ինքներս մեզ հարվածում ենք ու հիմա էլ շարունակում ենք միմյանց հարվածել»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի վերաբացման հարցը կրկին քննարկման առարկա է դարձել ՀՀ կառավարությունում: Անցակետի վերաբացման շուրջ Ռուսաստանն ու Վրաստանը ուղղակի բանակցություններ չեն վարում, դրանք իրականացվում են Հայաստանի միջոցով: Հայ փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ վրացական կողմը համաձայնել է անցակետի վերաբացման շուրջ բանակցություններ վարել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման ֆոնի վրա՝ վախենալով կորցնել Հայաստանի համար տարանցիկ երկրի մենաշնորհը: Հատկանշական է, որ անցակետը Հայաստանի համար հատկապես կարեւոր նշանակություն է ձեռք բերում տարվա երկու ժամանակահատվածներում՝ նախատոնական առեւտուր (նոյեմբեր-դեկտեմբեր) եւ մրգի հասունացում (հունիս-օգոստոս): Ձմռան մյուս ամիսներին անցակետը, որպես կանոն, փակ է ձյան հաստ շերտի եւ մերկասառույցների պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG