Մատչելիության հղումներ

Ինտերպոլը, ըստ պաշտպանի, «քաղաքական հետապնդում» է համարում Փաշինյանի դեմ հարուցված գործը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժանական» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավարության հերթական նիստում պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անգամ Ինտերպոլը քաղաքական հետապնդում է համարում Փաշինյանի եւ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Չորեքշաբթի օրը կայացած նիստում հրապարակվեց մի փաստաթուղթ, ըստ որի Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Թամամյանը Հատուկ քննչական ծառայության ղեկավարին հասցեագրած գրությամբ տեղեկացրել է, որ Ինտերպոլով հետախուզում է հայտարարվել Նիկոլ Փաշինյանի եւ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ: Սակայն Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նրանց տվյալները չի տեղադրել էլեկտրոնային պահոցներում: Այս առնչությամբ Հայաստանի ոստիկանությունը դիմել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության իրավական հարցերով գրասենյակ եւ ստացել հակընդդեմ հարցեր. ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի ոստիկանությունը, խախտելով Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջը, սովորական հանցագործություն է որակել լրագրողի մասնակցությամբ ցույցերի հետ կապված միջադեպը:

Ինտերպոլի պաշտոնական պատասխանում, որը դատարանում հրապարակեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, գրված է, որ այդ կառույցը չի միջամտում քաղաքական հարցերին:

«Փաստորեն այս նամակով հստակ երեւում է, որ նույնիսկ Ինտերպոլը համարում է, որ սա քաղաքական հետապնդում է, եւ այդ կապակցությամբ չի հաշվառել Նիկոլ Փաշինյանին եւ Սուքիասյանին հետախուզվողների ցուցակում», - հայտարարեց Սահակյանը:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը այսօր հրապարակեց դատահոգեբանալինգվիստակական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի ելույթները «բացասական հուզական ազդեցություն են ունեցել հանրահավաքների մասնակիցների վրա», եւ նրա ելույթները «կարող էին դրդել բռնի գործողությունների»:

Նիկոլ Փաշինյանն «անհեթեթություն» որակեց այդ փորձաքննության եզրակացությունը՝ ասելով. - «Հուզական վիճակ ստեղծողը ես չեմ: Հուզականությունը ստեղծվում է Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների իրավունքների եւ արժանապատվության երկարամյա ու լկտի ոտնահարումների արդյունքում»:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ իրավապահ մարմիններին է ներկայացել այս տարվա հուլիսի 1-ին:

Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»։ Սուքիասյանը նույնպես կամովին ներկայացել է իրավապահ մարմիններին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
XS
SM
MD
LG