Մատչելիության հղումներ

Աթենքում Ղարաբաղի հարցով դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը համաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի այսպիսի կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ-ի համակարգողը ուշադրություն հրավիրեց Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչների ու երկու արտգործնախարարների համատեղ հայտարարության այն դրույթին, ըստ որի նախարարները վերահաստատել են չլուծված հարցերը ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։

Աթենքում Էդվարդ Նալբանդյանը հատուկ շեշտել էր, որ առաջին անգամ է այս երեք սկզբունքներն ընդգրկող հայտարարություն արվում, եւ դա առաջընթաց էր համարել։

Զուրաբյանը, սակայն, համաձայն չէ Հայաստանի արտգործնախարարի այս գնահատականին. - «Հիմա, փաստորեն, առաջին անգամ կարծես Հայաստանը պատրաստվում է համաձայնություն տալ մի բանաձեւի, որում խոսվում է այն մասին, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը կարող է լինել եւ պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Սա մեծ հետընթաց է. 92 թվականից մինչեւ այսօր երբեք որեւէ փաստաթղթի Հայաստանը չի համաձայնել, որում ենթադրվեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ըստ Զուրաբյանի` այստեղ նշանակություն չունի սկզբունքների շարքում նաեւ ինքնորոշման իրավունքի ամրագրումը, քանի որ, փաստորեն, Հայաստանը համաձայնում է, որ այդ սկզբունքը պետք է գործի տարածքային ամբողջականության շրջանակներում, օրինակ՝ ինքնավարության կամ որեւէ այլ կարգավիճակով։

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը այն կարծիքին է, որ Աթենքում ընդունված հայտարարությունը չի կարելի բացասական փաստաթուղթ համարել, քանի որ Ադրբեջանը համաձայնել է ինքնորոշման սկզբունք ներառող փաստաթղթին, բայց՝ «ինքնորոշման իրավունքը չեմ կարծում, որ Ադրբեջանի համար նշանակում է, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս գալ»։

Ղարաբաղյան կարգավորման միջնորդները այսպիսով ձգտում են ցույց տալ, որ Ղարաբաղի հարցում կա առաջընթաց, եւ Թուրքիայից պահանջել խելամիտ ժամկետներում վավերացնել արձանագրությունները, նշեց Կիրո Մանոյանը: Սակայն, դաշնակցական գործչի տպավորություններով, վավերացումը, այնուհանդերձ, տեղի չի ունենա։

«Թուրքիան ակնկալում է, որ առնվազն տարածքների գոնե մեկ մասից հայկական ուժերը պետք է դուրս գան, ինչը, կարծում է, շատ ժամանակ է պահանջելու», - ասաց Մանոյանը։

«Երեկվա հայտարարության մեջ ներառված սկզբունքները իրականում ենթադրում են վերադարձ 1988-91 թվականների վիճակին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Սա բավականին ռիսկային գործընթաց է։ Իրական կյանքում մեկ անգամ արդեն իսկ տեսել ենք այս մոդելի հետեւանքները», - հայտարարեց Սաֆարյանը։ «Ղարաբաղի կարգավիճակը հայտնի է, այն անկախ է եւ բանակցությունների հիմնական խնդիրը պետք է լիներ այդ կարգավիճակի միջազգային ճանաչումը։ Հայաստանը այս դիրքերից 1 սանտիմետր շեղվելու իրավունք չունի», - հավելեց նա։

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վտանգներ չեն տեսնում գործընթացում։ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նշեց, որ հայտարարության մեջ ներառված տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները անկախ են միմյանցից։

«Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի տարածքում երբեք չի եղել, եւ երբ Ղարաբաղը ինքնորոշվի, դառնա անկախ պետություն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դրանով չի խախտվի», - ասաց Մելիքյանը։

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս այս պահին Ղարաբաղի առջեւ ծառացած վտանգ չի տեսնում։ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այս մասին, մասնավորապես, հայտարարեց. - «Չեմ կարծում, որ այն քաղաքական ուժերը, որոնք այդ կարգի մեղադրանքներ են հնչեցնում՝ օբյեկտիվ են։ Նրանք շատ հրաշալի հասկանում են, որ Սերժ Սարգսյանը երբեք որեւէ իրավիճակում, որեւէ պարագայում նման քայլի չի գնա»։
XS
SM
MD
LG