Մատչելիության հղումներ

Օբաման հրապարակեց Աֆղանստանի վերաբերյալ նոր ռազմավարությունը


ԱՄՆ նախագահը ներկայացնում է նոր ռազմավարությունը, դեկտեմբերի 1, 2009
ԱՄՆ նախագահը ներկայացնում է նոր ռազմավարությունը, դեկտեմբերի 1, 2009
Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման երեքշաբթի ուշ երեկոյան հրապարակեց Աֆղանստանի վերաբերյալ Վաշինգտոնի նոր ռազմավարությունը։ Ելույթում նախագահը խոստացավ առաջիկա վեց ամիսների ընթացքում հավելյալ 30 հազար զինվոր ուղարկել, միեւնույն ժամանակ, նշեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հստակ ժամկետը՝ 2011 թվականի հուլիսից սկսված։

«Միացյալ Նահանգների հիմնական նպատակն է պարտության մատնել «Ալ –Ղայիդա» խմբավորմանը Աֆղաստանում եւ Պակիստանում, որպեսզի գրոհայինները զրկվեն Նահանգներին ու դաշնակիցներին ապագայում սպառնալու հնարավորությունից»,–հայտարարեց Բարակ Օբաման։

Ընդգծելով, որ Աֆղանստանի օկուպացիան չի բխում Վաշինգտոնի շահերից, եւ որ Միացյալ Նահանգները բարեկամության է ձգտում աֆղանցիների հետ, Բարակ Օբաման հայտարարեց. «անհրաժեշտ է մեկուսացնել նրանց, ովքեր կազմաքանդում են, ուժեղացնել այն մարդկանց , ովքեր կառուցում են եւ որոշել այն օրը, երբ մենք ուզում ենք դուրս գալ երկրից»։

Աֆղանստանի վերաբերյալ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությանը միջազգային հանրությունը սպասում էր ամիսներ շարունակ. «այդ երկարատեւ ժամանակը անհրաժեշտ էր երկրում տիրող իրադրությունը մանրամասնորեն վերլուծելու եւ գործողությունների մի քանի տարբերակ մշակելու համար»,–ելույթում խոստովանեց Բարակ Օբաման։

«Որպես գերագույն հրամանատար՝ ես եկա այն եզրակացության, որ հավելյալ զորամիավորումների գործուղումը Աֆղանստան բխում է մեր ազգային շահերից»,–հայտարարեց Նահանգների նախագահը՝հավաստիացնելով, թե մտադիր է վերջ տալ Աֆղանստանում տառապանքի եւ պատերազմի դարաշրջանին։

Այդ նպատակին հասնելու համար, ըստ Բարակ Օբամայի, անհրաժեշտ է աշխատել երեք հիմնական ուղղություններով. առաջին՝ ուժեղացնել տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ՝վերապատրաստել եւ կատարելագործել Աֆղանստանի անվտանգության ուժերը, որպեսզի վերջնականապես հնարավոր լինի ետ մղել գրոհայիններին։ Երկրորդ՝ ՄԱԿ–ի դաշնակիցների եւ աֆղանցիների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ երկրում կյանքի նորմալ պայմաններ ապահովելու համար, եւ երրորդ՝ կենտրոնանալ Պակիստանի հետ համագործակցության վրա, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, անհնար է հաջողության հասնել Աֆղանստանում՝ առանց Պակիստանում գործող ծայրահեղական խմբավորումները չեզոքացնելու։

Իր՝ 40-րոպեանոց ելույթում, դիմելով ամերկացիներին, Բարակ Օբաման հիշեցրեց, որ նախագահ Ռուզվելտի իշխանավարության տարիներից սկսած՝ Միացյալ Նահանգները իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ սեփական զինվորների կյանքի գնով պայքարել՝ հանուն այլ ժողովուրդների պաշտպանության եւ տնտեսական բարգավաճման։

Սոցիոլոգիական վերջին հարցումները, սակայն, վկայում են, որ ամերիկացիների գրեթե կեսը հավանություն չի տալիս Աֆղանստանի վերաբերյալ Բարակ Օբամայի ռազմավարությանը, այն սատարում է հարցվածների շուրջ մեկ երրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG