Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Կողմերը պետք է պարտավորվեն խուսափել խաղաղ գործընթացին խոչընդոտող քայլերից»


«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործըթացում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն խուսափել քայլերից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ գործընթացին, այդ թվում՝ խնդրի էությունն ու բանակցությունների շարունակվող գործընթացը աղավաղելու փորձերից, ինչպես որ հենց նոր արեց Ադրբեջանի նախարարը», - Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանն ու Թուրքիան էական առաջընթաց քայլ են կատարել՝ ստորագրելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու մասին արձանագրությունները հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում։ Հաջորդ կարեւոր քայլը, որ պետք է ձեռնարկեն կողմերը, արձանագրությունների վավերացումն է, մենք հուսով ենք, որ այդ կարեւոր քայլը կարվի, եւ Հայաստանն ու Թուրքիան կսկսեն համաձայնությունների իրագործումը։ Չպատճառաբանված հետաձգումները եւ նախապայմանները, այդ թվում` այս հարցը Ղարաբաղյան խնդրին կապելու մղումը, կարող են վնաս հասցնել երկու գործընթացների հեռանկարին էլ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով միջազգային հանրությանը, այդ թվում՝ Շվեյցարիային, Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրամիության այլ անդամներին՝ հայ - թուրքական գործընթացին սատարելու համար, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է. - «Այդուամենայնիվ, չնայած ողջ աշխարհի երկրների ցուցաբերած լիակատար աջակցությանը, մեր շարքերում կա մի երկիր՝ Ադրբեջանը, որը դեմ է արտահայտվում ԵԱՀԿ-ի անդամ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գաղափարին եւ դրանով իսկ հակառակվում է այն արժեքներին, որոնց վրա հիմնվել է այս կազմակերպությունը»։

«Նույն այդ արժեքներին համաձայն, Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավվել Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ջանքերում, այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վեց հանդիպում են ունեցել` Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որը մնում է վստահելի ձեւաչափ՝ բանակցությունների համար», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: - «Մինչ օրս բանակցող կողմերը որոշ առաջընթաց են արձանագրել Մադրիդյան փաստաթղթի շուրջ բանակցություններում, սակայն դեռեւս կան հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, մասնավորապես, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության, որը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի՝ երեկվա համատեղ հայտարարության մեջ»։

Հայաստանի արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման ռեժիմի չկատարմամբ եւ պատերազմական հռետորաբանությամբ խախտում է ԵԱՀԿ-ի ամենահիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու սկզբունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG