Մատչելիության հղումներ

Մամեդյարովը լուծում է համարում Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնակառավարման իրավունք տրամադրելը


Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի Աթենքում անցկացվող նիստում:

«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Կովկասի ողջ տարածաշրջանի ապակայունացման եւ տնտեսական զարգացմանն ու ինտեգրացմանը խոչընդոտող գլխավոր աղբյուր: Այս հակամարտության հետեւանքով, Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը մնում է օկուպացված Հայաստանի կողմից, իսկ էթնիկ զտման ենթարկված շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ ու փախստականներ: Հազարավոր ադրբեջանական պատմամշակութային ժառանգության նմուշներ այդ օկուպացված տարածքներում ոչնչացվել եւ թալանվել են», - ասաց Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Այս տարին հիշարժան դարձավ երկու կողմերի նախագահների միջեւ հանդիպումների ինտենսիվության եւ առայժմ չլուծված հարցերի շուրջ մանրամասն ու ամենայն խորությամբ ընթացած քննարկումների առումով», - հայտարարեց Մամեդյարովը` հավելելով. - «Ես պետք է ընդունեմ, որ դրական դինամիկա կա վերջին բանակցություններում, եւ երկու կողմերը Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնել են արագացնել բանակցությունները»:

«Ադրբեջանը պահպանում է կառուցողական դիրքորոշումը եւ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ ու համագործակցված համակեցության կողմնակից է: Սա հիմք կստեղծի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման: Եվ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի: Այն նաեւ կարող է զգալիորեն նվազեցնել լարվածությունը եւ մարտահրավերները տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար», - ասաց Ադրբեջանի արտգործնախարարը:

«Մենք Ադրբեջանում հաստատակամորեն հավատում ենք, որ հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից հաստատագրված ժամկետներում հսկայական հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար` ապահովելով կանխատեսելիության, զարգացման եւ յուրաքանչյուրի եւ ողջ տարածաշրջանի համար այլ նպաստավոր միջավայր: Ահա սա է հարցի ողջ էությունը», - ամփոփեց իր խոսքը Էլմար Մամեդյարովը:


Աննա Իսրայելյան, Աթենքից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG