Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանում սկսվեց Կոսովոյի վերաբերյալ Սերբիայի հայցի քննությունը


Սերբիայի հայցը քննվում է Հաագայի դատարանում, 1 դեկտեմբերի, 2009

Սերբիայի հայցը քննվում է Հաագայի դատարանում, 1 դեկտեմբերի, 2009

Երեքշաբթի օրը Հաագայում Արդարադատության միջազգային դատարանը սկսել է քննել Սերբիայի կառավարության ներկայացրած հայցը, որով պաշտոնական Բելգրադը պահանջում է չեղյալ հայտարարել Կոսովոյի խորհրդարանի 2008 թվականի փետրվարին ընդունած «Անկախության հռչակագիրը»:

Սերբական կողմի պնդմամբ` հռչակագիրը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Հաագայում Կոսովոյի եւ Սերբիայի մոտեցումները ներկայացնում էին արտաքին գործերի նախարարները:

Դատական առաջին նիստից հետո Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչը հայտարարեց. - «Այսօր դատարանի դահլիճում մենք կարողացանք իմաստնություն, ուժ եւ հանգստություն ցուցաբերել: Աշխարհի պետությունների երկու երրորդը մեզ է աջակցում` այդպիսով պաշտպանելով միջազգային իրավունքի նորմերն ու պատմական արդարությունը»:

Կոսովոյի արտգործնախարար Սկանդեր Հուսեյնին դատարանի առաջին նիստի հետո համոզմունք հայտնեց, թե կայացվելիք վճիռը լինելու է հօգուտ Կոսովոյի անկախության: «Այն, ինչ մենք լսեցինք ներսում, Կոսովոյի անկախացման օրինական հիմքերի վերահաստատումն էր: Մենք որեւէ կասկած չունենք, որ դատարանը վերահաստատելու է Կոսովոյի ժողովրդի անկախ եւ ազատ ապրելու իրավունքը», - հայտարարեց Հուսեյնին:

Մինչ օրս աշխարհի 63 պետություն է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Հայաստանը, ինչպես եւ ԱՊՀ-ի անդամ մյուս բոլոր պետությունները, Կոսովոյի անկախությունը չի ճանաչել:

Եվրամիության կազմում եւս կան պետություններ, որ հրաժարվում են ճանաչել Սերբիայից Կոսովոյի անջատումը: Այդ պետությունների թվում են Իսպանիան,Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան:

«Ազատություն» ռադիոկայանի սերբական ծառայության աշխատակից Դրագան Ստավլյանինի կարծիքով` Հաագայի դատարանի վճիռը իրականում որեւէ էական փոփոխության Կոսովոյի կարգավիճակում չի հանգեցնի:

«Թեեւ այդ վճիռը զուտ խորհրդակցական բնույթ է ունենալու, սակայն կազդի չկողմնորոշված պետությունների դիրքորոշման վրա: Կան բազմաթիվ պետություններ, որոնք սպասում են այս վճռին` իրենց հետագա քայլերը հստակեցնելու համար: Խոսքը, նախ եւ առաջ, Ասիայում, Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում գտնվող երկրների մասին է», - նշում է սերբ լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG