Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 2-ի մամուլ


Կիրակի օրը թիվ 25 եւ թիվ 8 ընտրատարածքներում մեկ թեկնածուով կայանալիք ընտրությունների մասին «Ազգ»-ը գրում է. - «Թեեւ երկրի իշխող կուսակցության ղեկավարը խոսում էր արդիական հասարակություն ձեւավորելու, կուսակցությունն արդիականացնելու, ժողովրդավարությունը միակ ալընտրանք եւ նոր մոդելի Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին, ինչին պետք է ձեռք զարնել անմիջապես, բայց հենց այս կիրակի տեղի կունենա դրան հակառակ գործընթաց, այսինքն` խոսքի ու գործի անհամապատասխանություն: Այսինքն` երկրի ղեկավարի մեսիջներն հենց այս կիրակի անտեսվելու են` ոչ ոք չի շտապում դրանք իրականացնել: Որովհետեւ վերը նշված երկու ընտրատարածքում ընտրություն բառի կողքին փորձ է արվում տեղավորել անհամատեղելին` մեկական թեկնածուի առկայություն: Ու միակ «մխիթարանքն» այս դեպքում այն է, որ ընտրազանգվածը դեռ նյութական ակնկալիքներ կարող է ունենալ այդ միակ եւ անկրկնելիից` թեեւ ե՛ւ սպասումն է ապօրինի, ե՛ւ ակնկալիք տալը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր վախենում են բոլորը` փողոց ավլողից սկսած եւ ամենահաստավիզ մեծահարուստներով վերջացրած: Ընդ որում, ամենավախեցածը հենց վերջիններս են: Եվ երբ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են տարածում, թե այս կամ այն օլիգարխը դուրս է եկել նախագահի դեմ, դա պարզապես անհեթեթություն է: Ինչպե՞ս պիտի դուրս գան: Ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ նրան ոչնչացնելը 5 րոպեի խնդիր է` այնքան շատ են նման մարդկանց մեղքերը: Հենց օլիգարխներն են իրենց միլիոններով մեր տիպի երկրներում ամենակախյալ մարդիկ: Ով կորցնելու շատ բան ունի, նա էլ ամենաշատն է դողում իր հարստությունների համար` իմանալով, որ գոյություն չունի նրան պաշտպանող օրենք կամ դատարան: Եվ մյուս կողմից` գիտակցելով, որ իրենց լոյալությունն է օրենքը շրջանցելու գինը»:

«Չորրորդ իշխանություն»-ը կրկին անդրադառնում է Հանրապետական կուսակցության համագումարին. - «Եթե որեւէ երկիր պատրաստվում է կենաց-մահու պատերազմի, եւ այդ երկրի նախագահը հրապարակային ելույթ է ունենում, նա պարտավոր է իր ելույթում կոնկրետ մատնանշել, թե ո՞ւմ է տեսնում որպես դաշնակից, եւ ո՞ւմ՝ որպես հակառակորդ։ Եթե Սերժ Սարգսյանի ելույթին նայում ենք այս տեսանկյունից, միանգամից ի հայտ է գալիս մի սարսափելի իրողություն։ Այն է՝ Սերժ Սարգսյանը «վճռական ճակատամարտից» առաջ իր համար հենարան է ստեղծում բացառապես հաստավիզ պատեհապաշտներից, իր երկարաշունչ ելույթում բացարձակապես որեւէ «թթու խոսք» չի ասում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների հասցեին, եւ քննադատում է միայն այն ժամանակ, երբ ստիպված է լինում խոսել համազգային շարժման եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Այսինքն՝ պատեհապաշտ հաստավիզները նրա հենարանն են, Թուրքիան եւ Ադրբեջանը նրա գործընկերներն են, իսկ միակ թշնամին Հայաստանի ժողովուրդն է»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Չենք կարող չնկատել, որ վերջին երկու տարում, հատկապես՝ այս տարվա ընթացքում մի քանի անգամ ավելի շատ մերկացումների ու «գործի վրա» կաշառակերներ բռնելու դեպքերի է հանրությունը տեղեկացել, քան անցած 10-15 տարիներին՝ միասին վերցրած։ Ճի՜շտ է, մինչեւ հիմա կաշառք վերցնելու համար բռնվել կամ «բռնացվել» են առավելապես մանր ու միջին տրամաչափի տարատեսակ չինովնիկներ։ Բայց բռնվե՜լ են։ Հատկանշական է, որ այդ բռնվածների շարքում մեծ տեղ են գրավում իրավապահ, ուժային կառույցների ներկայացուցիչները։ Ընդ որում, քննիչներ, նրանց հսկողներ, դատախազական համակարգի, ԱԱԾ, ոստիկանության կառույցների աշխատակիցներ։ Հասկանալի է, իհարկե, որ պետության հիմքին հարվածող կոռուպցիոներները գերազանցապես իշխանության կառուցվածքում ու միջանցքներում են։ Դա իշխանության հազարամյակներով եկած ու դեռ հազարամյակներով էլ շարունակվելիք արատն ու ախտն է։ Ողջ խնդիրն այն է, թե իշխանական համակարգը ի՜նչ չափով է ախտահարված։ Եւ պայքար ասվածը հենց այդ վարակվածության աստիճանի շարունակական նվազեցման վճռականությունն ու դրա գործնական դրսեւորումն են»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Եթե հանկարծ միջազգային հանրությունը ընթացիկ շրջանում դադարի Հայաստանին վարկեր տալ, դա իսկական աղետ կդառնա մեր երկրի համար։ Սա փաստ է, եւ երբ հաշվի ենք առնում, որ չնայած ընթացիկ տարում Հայաստանը բնակչության մեկ շնչի հաշվարկով ամենամեծ վարկերն է ստացել ԱՊՀ-ում, բայց ամենամեծ տնտեսական անկումն է արձանագրել, այդ պնդման իմաստը ավելի հասկանալի է դառնում։ Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե միջազգային հանրությունը հրաժարվեր մեր երկրին տրամադրել մեկուկես միալիարդ դոլարի վարկ՝ նույնիսկ սարսափելի է մտածել։ Ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունը սեփական քաղաքացիներին գնդակահարած իշխանություն, անհեռանկար եւ օլիգոպոլ տնտեսություն ունեցող պետությանը մեկուկես միլիարդ դոլարի վարկ տար։ Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի վրա միջազգային ճնշումներ գործադրելու լծակը միայն քաղբանտարկյալներն էին, ժողովրդավարության վիճակը, կեղծված ընտրությունները։ Այդ վիճակը, բնականաբար, կանխատեսելի է եղել նաեւ միջազգային ինստիտուտների համար, եւ նրանք է, որ Սերժ Սարգսյանին բացատրել են, որ եթե Հայաստանը 2009-ին խոշոր վարկեր չստանա, դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ երկրի եւ նրա իշխանությունների համար։ Ահա այսպես, միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին մի առաջարկ է արել, որից նա չէր կարող հրաժարվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG