Մատչելիության հղումներ

logo-print

Աթենքում սպասվում է Ղարաբաղի հարցով հայտարարություն


Երեքշաբթի օրը Աթենքում բացված ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում ուշադրության կենտրոնում են հայ - թուրքական եւ հայ - ադրբեջանական բանակցային գործընթացները: Թեմային անդրադարձել են ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ արտգործնախարար Գիորգոս Պապանդրեուն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, ով նշել է, թե «Ղարաբաղյան հարցում եկել է որոշումներ կայացնելու ժամանակը»:

Գիորգոս Պապանդրեուն ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 17-րդ նիստի բացման ընթացքում իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանի եւ Թուրքիայի համարձակ որոշումը հեշտ չկայացվեց, բայց այն խիստ կարեւոր է:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաեւ անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին` նշելով, թե ակնհայտ է առաջընթացը, կարեւոր քայլեր են արվել, եւ նրանց քայլերը հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ համընդհանուր ճանաչում են ստացել:

Գիորգոս Պապանդրեուն հավելեց, թե Աթենքում պետք է հայտարարեն, որ կողմերը կարող են ակնկալել ԵԱՀԿ-ի աջակցությունը:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Եվրամիությունում նախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։ Նա վերահաստատեց, որ Եվրամիությունն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Բիլդտը նշեց, որ կարգավորման հիմքում դրվում է երկու երկրների տարածքային ամբողջականության ապահովման, ուժի չկիրառման, ինչպես նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքների ընդունելի համակցությունը։

«Մենք ողջունում ենք այս տարվա ինտենսիվ բանակցությունները, այդ թվում՝ նոյեմբերի 22-ին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած երկկողմանի հանդիպումը։ Կրկին կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ընդունել անհրաժեշտ վճիռները, որոնք հնարավորություն կտան, հիմնվելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված հիմնարար սկզբունքների վրա, հասնել վճռական առաջընթացի»։

ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի օրակարգում տեղի են ունեցել փոփոխություններ: Մասնավորապես, փոխվել է մասնակից երկրների` հայտարարություններով հանդես գալու հերթականությունը. Թեեւ Ադրբեջանը մնացել է ցուցակում 28-րդը, Թուրքիան` 40-րդը, սակայն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը նախապես ցուցակում 27-րդն էր, այժմ ելույթ է ունենալու արդեն 47-րդը` չորեքշաբթի առավոտյան:

Երեքշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին նախատեսվում է հանդիպում Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որը կայանալու է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Դրանից շուրջ մեկ ժամ անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպում են ունենալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորող` պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:

Ակնկալվում է նաեւ Մինսկի խմբի եռանախագահողների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:

Երեւանի ժամանակով ժամը 18:20 Աթենքում հայտարարված է Մինսկի խմբի համանախագահների ասուլիսը, իսկ ավելի ուշ մամուլի կենտրոն կայցելեն Ջեյմս Սթեյնբերգը եւ Բեռնար Քուշները:


Աննա Իսրայելյան, Աթենքից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG