Մատչելիության հղումներ

Աթենքում Ղարաբաղի հարցով հայտարարություն է ընդունվել


Հունաստան -- ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, Աթենք, 1-ը դեկտեմբերի, 2009թ.
Հունաստան -- ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, Աթենք, 1-ը դեկտեմբերի, 2009թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, դեկտեմբերի 1-ին Աթենքում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպման ավարտին տարածել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Նշելով բանակցությունների դրական դինամիկան՝ ինչի մասին վկայում են այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 6 հանդիպումները, պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումների «աճող հաճախականությունը շոշափելիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը եւ առաջխաղացմանը 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի բերելու ուղղությամբ»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը վերահաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ամբողջացնելու ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքները, ինչպես այդ մասին ասվել էր հուլիսի 10-ին Ակվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ։
 Ղարաբաղի հարցով հայտարարություն` Աթենքում
please wait

No media source currently available

0:00 0:00:51 0:00


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները կողմերին կոչ են արել՝ «հնարավորինս շուտ ավարտին հասցնել այս աշխատանքը»։

«Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը հնարավություն կտա հասնել համապարփակ կարգավորման եւ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում բերել ողջ տարածաշրջանին», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները այս փաստաթղթով պատրաստակամություն են հայտնել ավարտուն տեսքի բերել Հիմնարար սկզբունքները եւ շարունակել աշխատել մնացյալ խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ, հիմնվելով, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում եւ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների ներառումը համատեղ ստորագրված փաստաթղթում համարեց հայկական կողմի խոշոր ձեռքբերումներից մեկը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. - «Առաջին անգամ նախարարական այս կոնֆերանսի շրջանակներում հայտարարություն է արվում, որտեղ նշվում է երեք սկզբունքների մասին: Հուսով եմ, որ հայտարարություն կլինի նաեւ նախարարական կոնֆերանսի կողմից, այսինքն՝ 56 երկրի կողմից: Դա, իհարկե, դեռ հարցի լուծումը չէ, դա այն գլխավոր հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա բանակցություններն են վարվելու, որպեսզի մոտեցնեն կողմերի դիրքորոշումները Մադրիդի փաստաթղթի մեջ ներկայացված սկզբունքների շուրջ: Երբ որ մենք համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, կսկսվեն բանակցություններ պայմանագրի մշակման վերաբերյալ, որին, իհարկե, պետք է անպայման մասնակցի նաեւ Ղարաբաղը»:

Ստորեւ ներկայացվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության տեքստը ամբողջությամբ, որը տրամադրել են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից.

«Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը դեկտեմբերի 1-ին Աթենքում հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Պատվիրակությունների հինգ ղեկավարները վկայակոչեցին 2008 թվականի նոյեմբերին Մոսկվայում ընդունված հռչակագրում եւ 2008 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի Հելսինկիի նախարարական հայտարարությունում ամրագրված պարտավորություները: Նրանք նշեցին բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումների ընթացքում: Նրանք համաձայնեցին, որ այս հանդիպումների աճող հաճախականությունը զգալիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ընդլայնմանը եւ շարժմանը դեպի 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում:

Արտգործնախարարներ Լավրովն ու Քուշները եւ պետքարտուղարի տեղակալ Սթեյնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում, եւ կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտելու այդ աշխատանքը` համաձայն հուլիսի 10-ին Ակվիլայում Ութնյակի գագաթաժողովում երեք նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության: Նրանք ընդգծեցին, որ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը շրջանակային հիմք կծառայի համընդգրկուն կարգավորման համար, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա հիմնված ապագայի կերտմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել Հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամությունը` ավարտելու աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա, ինչպես Ակվիլայում հորդորել են համանախագահ երկրների նախագահները: Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:


Աննա Իսրայելյան, Աթենքից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG