Մատչելիության հղումներ

Գեներալները կոչ են անում Սասուն Միքայելյանին ազատել պատժի հետագա կրումից


Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը եւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, կոչ անելով միջնորդել` 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին ազատելու պատժի հետագա կրումից:

«Տեւական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, Մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, Արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել Արցախյան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանությանը», - ասված է գեներալների նամակում:

«Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլեւ որպես ականատես ու գործընկեր բարձր գնահատելով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը եւ անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազորություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից», - գրում են Գուրգեն Դալիբալթայանը եւ Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու ու կրելու մեղադրանքներով:

Գուրգեն Դալիբալթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ ստորագրել է նախագահին ուղղված նամակը:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG