Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


1988 թվականից ձմռան առաջին օրը միջազգային հանրությունը օգտագործում է առիթը` ուշադրություն հրավիրելու խնդրին, համատեղելու ջանքերը` հակազդելու վարակի տարածմանը: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների` 1988 թվականից մինչեւ 2009թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008թ. ընթացքում: Միայն 2007 թվականին աշխարհում մահացել է ՁԻԱՀ-ով հիվանդ մոտ 2 միլիոն մարդ:

Դեկտեմբերի 1-ը ամեն տարի նշվում է տարբեր կարգախոսների ներքո, որոնք արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: 2005-ից սկսած ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավը անցկացվում է «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը, կատարեք խոստումը» կարգախոսի ներքո:

«Դրական մարդկանց հայկական ցանց» հկ-ի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը լչագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական թեման է «Համընդհանուր հասանելիություն եւ մարդու իրավունքներ»: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում վարակակիրները արժանանում են հասարակության բացասական վերաբերմունքին, ինչն էլ ստիպում է շատ վարակակիրների չդիմել մասնագետներին բուժման համար:

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հկ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն էլ կարծում է, որ Հայաստանում վարակի տարածման պատճառներից են հայերին բնորոշ բարդույթները: Շատ հայ երիտասարդներ ամաչում են դեղատնից պահպանակներ գնել, ինչն էլ նպաստում է վարակի տարածմանը:

Հայաստանի ուսանողական ֆորումի ներկայացուցիչ Վարդգես Հովեյանը կարծում է, որ երիտասարդների շրջանում հիվանդության տարածման պատճառը ոչ միայն բարդույթներն են, այլ նաեւ ինֆորմացիայի պակասը: տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա երթ Երեւանի կենտրոնական փողոցներով, որին կմասնակցեն հիմնականում երիտասարդները: Երթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդրի վրա: Երթի ընթացքում մասնակիցները կկանգնեն Հանրապետության հրապարակում` ուրվագծելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող Կարմիր ժապավենը:

«Շոու բիզնեսը ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով մեկ այլ ակցիա նույնպես իրականացվելու է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նախագծի նպատակն է հայ աստղերի օգնությամբ վարակի հակազդման մասին տեղեկացվածության տարածումը խոցելի խմբերում եւ հասարակության մյուս անդամների շրջանում: Ակցիայի կազմակերպիչներն են` “In Progress” ընկերությունը, լուսանկարիչ` Կարեն Գրիգորյանը եւ DJ Վակցինան: Նախագիծը բաղկացած է երկու մասից: Առաջինում հայ աստղերը ներկայացված են տարբեր լուսանկարներում, որտեղ նրանք կոչ են անում պաշտպանվել ՁԻԱՀ-ից: Նախագծի երկրորդ մասը երեկույթ է, որը նույնպես նվիրված է լինելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

DJ Վակցինան պատմեց, որ երեկույթի ժամանակ հնչելու է նաեւ անգլերեն Give your hand («Տուր քո ձեռքը») երգը, որի հեղինակն է Կարեն Գրիգորյանը, այն նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պաշտպանության օրվան:
XS
SM
MD
LG